Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լաբորատոր բժշկության ձեռքբերումները և հեռանկարները` միջազգային համաժողովում

Լաբորատոր բժշկության ձեռքբերումները և հեռանկարները` միջազգային համաժողովում

Լաբորատոր ախտորոշման մոտ 350 մասնագետ համալսարանական հարկի ներքո մասնակցում է «Լաբորատոր բժշկություն ձեռքբերումները և հեռանկարները» միջազգային գիտագործնական երկօրյա ցուցահանդես-համաժողովին, որը Հայաստանում այս տարվա գլխավոր լաբորատոր միջոցառումն է:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիաի հետ «KLD WEEKEND» միջոցառման շրջանակում համախմբել է լաբորատոր ախտորոշման հայ եւ օտարերկրացի բժիշկների (Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա), որոնք 30 զեկույցով քննարկելու են ոլորտի արդի խնդիրներն ու նորարարական մոտեցումները` ծանոթանալով նաև տեխնոլոգիական վերջին նորույթներին։

«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամրապնդենք մասնագիտական կապերը, քննարկենք լաբորատոր ախտորոշման բնագավառի նորագույն ձեռքբերումները և միասին առաջ ընթանանք՝ սահմանելով բժշկագիտական և կլինիկական նոր նշաձողեր»,- ազդարարելով համաժողովի մեկնարկը՝ ասաց Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Զարուհի Գևորգյանը` հավելելով, որ մեծ պատիվ է դահլիճում տեսնել այս կարևոր և դինամիկ զարգացող ոլորտին իրենց գործունեությունը նվիրած անվանի մասնագետների: Զարուհի Գևորգյանի խոսքով` բժշկական բուհը սատարում է շարունակական կրթական ծրագրերի իրականացմանը` նպաստելով լաբորատոր բժշկության զարգացմանը մեր երկրում: Նա հույս հայտնեց, որ Alma-Mater-ում անցկացվող միջոցառումը կդառնա մեծ և բաց հարթակ, որը գիտելիքի, փորձի ու գաղափարների փոխանակման հնարավորություններ կընձեռի` ի նպաստ հասարակության առողջության և առողջապահական համակարգի զարգացման:

Լաբորատոր ախտորոշման ոլորտի ներկայացուցիչներին խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Արդեն երկրորդ անգամ է նման մեծ միջոցառում կազմակերպվում, որը մեզ համար խիստ  պատվաբեր է: Կցանկանայի հատուկ նշել այն հանգամանքը, որ լաբորատոր գործունեությունը հաճախ անտեսանելի է, սակայն այն ամեն օր նպաստում է պացիենտների առողջությանը և թե կլինիցիստների, թե գիտնականների համար շատ կարևոր նշանակություն ունի»: Որպես կլինիցիստ՝ նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց այն մեծ աշխատանքի համար, որ իրականացնում են լաբորատոր մասնագետները տարին 365 օր:

«Այն տպավորությունը, որ պացիենտներիի ճակատագիրը կարող է ընդամենը մեկ սրվակից կախված լինել, բնավ այդպես չէ: Յուրաքանչյուր պատասխանի ետևում թաքնված են երկար տարիներ, կրթական ծրագրեր, մեծ դժվարություններ, այո նաև սխալներ, որոնք որևէ բժշկի կյանքում բացառված չեն, բայց հենց այսպիսի գիտաժողովները և փորձի փոխանակումը թույլ են տալիս նվազեցնել դրանք»,- ընդգծեց բուհի ղեկավարը։ Նրա գնահատմամբ` սրընթաց զարգացող բժշկագիտությունը, այդ թվում և լաբորատոր գործը, արդեն իսկ միտում ունեն ենթարկվելու արհեստական բանականությանը, և տպավորություն է ստեղծվում, որ տեխնոլոգիաները կարող են փոխարինել մասնագետներին, միաժամանակ, սակայն, նա նկատեց, որ երբեք դա հնարավոր չի լինի, քանի որ կլինիցիստների, լաբորատոր բժիշկների, ռադիոլոգների և մորֆոլոգների ակտիվ գործունեությունը, հաճախ ավելին են, քան ուղղակի հետազոտության պատասխան, որը ստանում են գործընկեր բժիշկները` պացիենտի հետագա ճակատագիրը քննարկելու համար:

«Այնպես որ, համոզված եղեք, որ գնահատված եք, ձեր աշխատանքից կախված է ավելին, քան կարող են պատկերացում ունենալ, թե պացիենտները, թե առանձին կլինիցիստներ: Եվ բժշկական բուհը մշտապես պատրաստակամ է կազմակերպել բժշկական կրթությանը վերաբերող գործընթացներ` ի նպաստ բոլորիս»,- ելույթը եզրափակեց ԵՊԲՀ ռեկտորը:

Մասնակիցներին ողջունեց ՌԴ լաբորատոր բժշկության (լաբորատոր մասնագետների և կազմակերպությունների) ասոցիացիայի նախագահության խորհրդական, Ռուսական դիագնոստիկ սամմիթի տնօրեն Արկադի Գոլդբերգը:

«Վերջին տարիներին համալսարանի և անձնամբ Զարուհի Գևորգյանի շնորհիվ շատ բան է փոխվում լաբորատոր ծառայության զարգացման մեջ: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես առավելապես ձևավորվում և ընդլայնվում է այս համայնքի գործունեությունը, ինչի առիթով, իհարկե, ձեզ շնորհավորում ենք»,- ասաց նա:

«Մենք պետք է ամեն կերպ ձգտենք համապատասխանել մեր մասնագիտությանը` անելով այն ամենը, ինչը լավ է և հետաքրքիր առաջ ընթանալու տեսակետից»,- նշեց «Տոուդա» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար, Վրաստանի լաբորատոր բժշկության ասոցիացիայի նախագահ Մանանա Ախվլեդիանին` հրավերի համար շնորհակալություն հայտնելով և վստահեցնելով, որ կոնֆերանսը չի զիջի քննարկվող թեմաների հետաքրքրությամբ: Նա միջոցառման գիտական մասում ներկայացրեց «DPYD-ի և հեմատոլոգիական թեստերը օնկոլոգիայում» թեման:

ՌԴ ԱՆ լաբորատոր ախտորոշման գլխավոր մասնագետ, «Ալմազովի անվան ԲԳՀԱԻ» Լաբորատոր բժշկության ամբիոնի և կլինիկայի ղեկավար Տատյանա Վավիլովան առաջին անգամ է Հայաստանում:

«Առաջին անգամ եմ ձեր երկրում, բայց շատ բան եմ լսել և գիտեմ: Մենք շատ հայ ընկերներ ունենք, որոնք ապրում են Ռուսաստանում և տեղի գործընկերների հետ մենք ևս կապի մեջ ենք: Սակայն ամենակարևորն այն է, որ պացիենտների հետ աշխատանքը բոլորիս համախմբում է: Մեզ համար առանցքայինը պացիենտն է, որին պետք է օգնենք: Ես ներկայացնում եմ այստեղ ոչ միայն Ռուսաստանը, առողջապահության նախարարությունը, այլև Ալմազովի անվան կենտրոնը և հույս ունեմ, որ օրը կլինի արդյունավետ փոխգործակցության համար»,- ասաց պատվավոր հյուրը` կենտրոնի կրթական ծրագրերի մասին գիրք նվիրելով ԵՊԲՀ-ին և մանրամասնելով, որ անկախ նրանից, որ իր և կենտրոնի աշխատանքն առաջին հերթին գիտական ուղղվածության է, կրթական նախաձեռնություններին, բժշկական կադրեր պատրաստելուն, այստեղ նոր ձևաչափով մեծ ուշադրություն է դարձվում:

«Սրտանոթային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման շարունակականությունը» այն թեման է, որի մասին Տատյանա Վավիլովան հանգամանալից զեկույց է ունենալու:

Միջոցառման հանդիսավոր մասերից էր համագործակցության հուշագրի ստորագրումը, որը հայ, ռուս և վրացի գործընկերներին այսուհետև լաբորատոր ախտորոշման բնագավառում գործակցելու նոր հնարավորություններ կընձեռի:

Երկօրյա համաժողովի քննարկվող նյութի լայն սպեկտրը բազմակողմանի է ներկայացնում լաբորատոր բժշկության հնարավորությունները, թռիչքային զարգացումը` ռևմատոլոգիայի, ուռուցքաբանության և  բժշկագիտական այլ ուղղություններում:

Համալսարանական հիվանդանոցների բժիշկներ, դասախոսներ, բժշկական այլ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ այսօր և վաղը անդրադառնալու են մի շարք մասնագիտական թեմաների` բժշկության ակունքներից մինչ ժամանակակից ախտորոշման հնարավորություններ` առաջնային նպատակ ունենալով բարելավել, լավացնել լաբորատոր ախտորոշման մակարդակը:

Միմյանց հարցեր հղելու ակտիվ հնարավորությամբ, երկխոսություններով ու տեսակետների փոխանակմամբ համաժողովն աշխատանքը կամփոփի նոյեմբերի 3-ին: