Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Լանցետ» ծրագրի մասնակիցները զարգացնում են հմտությունները փորձարարական վիրասրահում. ֆոտոշարք

«Լանցետ» ծրագրի մասնակիցները զարգացնում են հմտությունները փորձարարական վիրասրահում. ֆոտոշարք

Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում ապագա բժիշկները նեղ մասնագիտական հմտությունների երկրորդ փուլի ընթացքում ներկայացրին ձեռք բերված վիրաբուժական փորձն ու գիտելիքները:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի փորձարարական վիրասրահում աշխատում էին անոթային, միկրո և պլաստիկ, ինչպես նաև աբդոմինալ վիրաբուժության թիմերը:

Անոթային վիրաբուժության թիմի համակարգող Տիգրան Սևյանի խոսքով՝ նպատակն ապագա բժիշկներին տեխնիկապես պատրաստելն է, իսկ հետագայում նրանք կհարստացնեն իրենց փորձը նաև կլինիկաներում: «Անոթային վիրաբուժության թիմը կկատարի շունտավորում և պրոթեզավորում: Համալսարանն ավարտելուց հետո ուսանողներն այս ծրագրի շնորհիվ բավականին խոշոր քայլերով առաջ կգնան իրենց մասնագիտության ոլորտում», – ավելացրեց Տիգրանը:

Միկրո և պլաստիկ վիրաբուժության թիմի համակարգող Մերի Ղարագյոզյանն, իր հերթին նշեց, որ վիրահատարանում իրենց աշխատանքը ներառում է 2 բաղադրիչ՝ օրգանական հյուսվածքի 1,5-2 մմ զարկերակի բերանակցում ծայրը ծայրին եղանակով և մաշկային դեֆեկտների շտկում տեղային մաշկային հյուսվածքներով:

Իսկ աբդոմինալ վիրաբուժության թիմի համակարգող Միխաիլ Բոլյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են աղիքային բերանակցման ձևավորման վրա՝ կողքը կողքին եղանակով: «Ուսանողները սովորում են աղիքի ծայրատի ձևավորում, տանող ու բերող գալարների համադրում և բուն բերանակցման ձևավորում», – նշեց Միխաիլը:

Փորձարարական վիրահատարանում կատարված աշխատանքի արդյունքներով ժյուրին, որի կազմում են ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը, կընտրի այն հաջողակներին, որոնք հնարավորություն կստանան մասնակցելու «Լանցետ» ծրագրի հաջորդ փուլին: