Լիբանանահայ Ջեք Յակուբյանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Գիտության ուղիով իր «ճանապարհորդությունը» սկսվեց ոլորտի հանդեպ անվերջ հետաքրքրության շնորհիվ:
«Ես միշտ տալիս էի ամենակարևոր հարցերը՝ «Ինչու՞» և «Ինչպես՞», և այս հետաքրքրասիրությունն ինձ առաջնորդեց դեպի բժշկության գաղտնիքները: Իմ ակադեմիական ուղին սկսվեց այն ժամանակ, երբ ավարտեցի քոլեջը 2013 թվականին և ընդունվեցի Բեյրութի Հայկազյան համալսարան՝ բժշկական լաբորատոր գիտությունների մասնագիտությամբ: 2017 թվականին ավարտել եմ բժշկական լաբորատորիայի կենսագիտությունների բակալավրը և արդեն ստացել եմ հիվանդանոցային լաբորատորիայում և արյան բանկում աշխատելու առաջարկ։ Որտեղ աշխատել եմ 2 տարի»,-նշում է ապագա բժիշկը։
Ջեք Յակուբյանը Հայկազյան համալսարանում առաջարկ է ստացել շարունակել կրթությունը մագիստրատուրայում՝ մոլեկուլային կենսաբանություն մասնագիտությամբ:
«Այնուամենայնիվ, հրաժարվեցի, որովհետև ուզում էի բժիշկ դառնալ ու ճանապարհորդել, բայց կցանկանայի ունենալ մոլեկուլային կենսաբանության մագիստրոսի աստիճան՝ կապված քաղցկեղի հետազոտության հետ: 2017 թվականի ամռանը երկու տարի սովորեցի կենսաբանություն Լիբանանի պետական համալսարանում բժշկական դպրոց ընդունվելու համար, սակայն որոշ խնդիրների պատճառով որոշեցի հեռանալ Լիբանանից՝ իրականացնելու իմ երազանքը»,- պատմում է ապագա բժիշկը:
Նա 2019 թվականին հայրենադարձվել է Հայաստան և ընդունվել ԵՊԲՀ` սկսելով բժիշկ դառնալու ճանապարհը.
«Մեկ կիսամյակ անց սկսվեց համավարակը, ծանր օրեր էին: 2020 թվականը լիբանանահայի համար ամենածանր տարիներից էր. մենք ոչ միայն պայքարում էինք գլոբալ համավարակի դեմ: Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն տեղի ունեցավ Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Մենք ապրում ենք այդ տարածքին մոտ: Տատիկս վիրավորվեց: Մեր տունը ևս վնասվել էր: Կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը, և ես որպես հայ չէի կարող այս պատերազմի ժամանակ թիկունքում նստել և չօգնել իմ հայրենիքին»:
Ընկերների հետ բարեգործական աշխատանքին զուգահեռ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կամավորական աշխատանք է իրականացրել: Օգնում էր բժիշկներին վիրավոր զինվորիներին բուժօգնություն ցորցաբերելու գործում: Պայքարը երկու ճակատով էր, օգնում էինք նաև Covid-19-ով վարակված հիվանդներին բուժող բժիշկներին:
«Այդ ընթացքում փորձում էի հենարան լինել հայրենիքիս: Հիմա արդեն ուզում եմ խոնարհվել այն տղաների առաջ, որոնք պայքարում էին, որ մենք ապրենք»,-ասում է ապագա բժիշկը:
Յակուբյանի խոսքով, 2020 թվականը թեև դժվար էր, բայց շատ բան սովորեցրեց իրեն մասնագիտական առումով: Ամեն անգամ Լիբանանում գտնվելիս այցելում է հիվանդանոցներ, փորձում ժամանակը լրացնել սովորելով և կամավոր աշխատում՝ փորձառություն ձեռք բերելու համար:
«Որպես նեղ մասնագիտացում կընտրեմ սրտաբանություն և գաստրոէնտերոլոգիա: Ես հայրենադարձվել եմ Հայաստան, և իմ կյանքի նպատակներից է միշտ փորձել կատարելագործվել, որպեսզի մեր երկիրը կարողանանք ավելի ծաղկուն դարձնել և ոգեշնչել հաջորդ սերնդին հետևել գիտությանը, նպաստել դրա առաջընթացին»,-ապագայի ծրագրերն է բացահայտում Ջեք Յակուբյանը: