Սեպտեմբերի 15-ը աշխարհում նշվում է որպես լիմֆոմաների դեմ պայքարի համաշխարհային օր։ Ինչպես և այլ հիվանդություններին նվիրված համաշխարհային օրերի դեպքում, այս օրվա նպատակն է` բարձրացնել բնակչության իրազեկվածությունը լիմֆոմաների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների, դրանց հիմնական ախտանիշների և հետևանքների վերաբերյալ։
Լիմֆոման քաղցկեղի տեսակ է, որը սկիզբ է առնում ավշային համակարգից։ Ավշային համակարգը կազմված է ավշային անոթներից, ավշային հանգույցներից, ինչպես նաև փայծաղից, թիմուսից, նշագեղձերից, ոսկրածուծից և հեղուկից, որը կոչվում է ավիշ։ Այն պատասխանատու է արյունը տոքսիններից և օրգանիզմի նյութափոխանակության արգասիքներց մաքրելու համար։ Լիմֆոման կարող է ազդել ավշային համակարգի բոլոր բաղադրամասերի վրա, ինչպես նաև այլ օրգանների վրա՝ հաճախ տարածվելով դեպի թոքեր, լյարդ կամ գլխուղեղ։
Տարբերում են լիմֆոմայի մի քանի տեսակներ, որոնցից առավել հաճախ հանդիպողներն են՝ Հոջկինի լիմֆոման և ոչ հոջկինյան լիմֆոման։ Հիվանդության երկու տեսակներից 90% դեպքերում հանդիպում է ոչ հոջկինյան լիմֆոման։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` լիմֆոմային բաժին է ընկնում աշխարհում գրանցվող քաղցկեղի դեպքերի շուրջ 4%-ը: Ընդ որում, վերջին 40 տարիների ընթացքում դիտվել է քաղցկեղի այս տեսակի տարածվածության 80%-ով աճ: 2020 թ․-ին աշխարհում գրանցվել է ոչ հոջկինյան լիմֆոմայի մոտ 545,000 նոր դեպք և 260,000 մահվան դեպք։ Ոչ հոջկինյան լիմֆոմայի տարածվածության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում (13.3/100.000 բնակչի հաշվով), Հյուսիսայի Ամերիկայում (12․5/100.000) և Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայում (11․5 և 10․1/100.000)։ Նվազագույնն է հիվանդության հանդիպման հաճախականությունը Միջին (3․0/100.0000) և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայում (4․9/100.000)։ Ցավոք, Հայաստանում հիվանդացության մասին ստույգ տվյալներ այս պահին չկան։
Լիմֆոմաների զարգացումը պայմանավորված է լիմֆոցիտների գենետիկ մուտացիաներով՝ նրանք սկսում են անվերահսկելի ձևով բաժանվել, շարժվել դեպի ավշային հանգույցներ և մարմնի այլ մասեր, որտեղ շարունակում են բազմանալ։
Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններ են՝
Լիմֆոմաների ախտանիշերը կարող են լինել տարբեր և պայմանականորեն բաժանվում են 3 խմբի՝ լիմֆադենոպաթիա, B-ախտանիշներ և ընդհանուր հիվանդության ախտանիշներ։
Ցավոք, լիմֆոմաների ախտորոշման սկրինինգ թեստեր չկան: Որպես կանոն, հիվանդությունը ախտորոշվում է բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա, որոնք նշանակվում են վերը նշված ախտանիշների ի հայտ գալու դեպքում: Ուստի, շատ կարևոր է նշված ախտանիշների դեպքում անմիջապես դիմել բժշկին։ Որակյալ հետազոտությունը և համարժեք բուժման ժամանակին նախաձեռնումը հիվանդության դեմ պայքարի հաջողության գրավականն են։ Հոջկինի լիմֆոմայի դեպքում, որն առավել լավ է ուսումնասիրված ներկա պահին, հիվանդների շուրջ 90%-ը լիովին ապաքինվում է: