Լյարդի առողջությունը մեծապես կախված է ամենօրյա սովորություններից

Լյարդի առողջությունը մեծապես կախված է ամենօրյա սովորություններից

Ամեն տարի ապրիլի 19-ը նշվում է որպես լյարդի համաշխահային օր, 2026թ․-ի լյարդի համաշխարհային օրվա պաշտոնական կարգախոսն է՝
«Կայուն սովորություններ, ուժեղ լյարդ»։

Այն ընդգծում է, որ լյարդի առողջությունը մեծապես կախված է ամենօրյա սովորություններից՝ հավասարակշռված, առողջ սննդից, ֆիզիկական ակտիվությունից, ալկոհոլի սահմանափակումից և կանոնավոր բժշկական զնումներից։

Լյարդը կենսական կարևորության օրգան է և իրականացնում է ավելի քան 500 կենսական կարևոր ֆունկցիաներ՝ ներառյալ սննդանյութերի նյութափոխանակություն, ոչ օգտակար նյութերի վնասազերծում, էներգիայի պաշարում և օրգանիզմի ընդհանուր հավասարակշռության պահպանում։

Այս տարվա արշավը հիշեցնում է, որ լյարդի հիվանդությունները հաճախ երկար ժամանակ կարող են ընթանալ «լուռ», սակայն ժամանակի ընթացքում հանգեցնել ֆիբրոզի, ցիռոզի և նույնիսկ լյարդի քաղցկեղի։

«Հերացի» վերլուծականը վկայակոչելով ԱՀԿ-ի պաշտոնական տվյալները՝ արձանագրում է, որ աշխարհում յուրաքանչյուր տարի լյարդի հիվանդություններից մահանում է մոտ 2 միլիոն մարդ, իսկ մոտ 1.5 միլիարդ մարդ ապրում է քրոնիկ լյարդային հիվանդություններով։

Նշվում է նաև, որ այսօր չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդը ապրում է MASLD-ով (մետաբոլիկ դիսֆունկցիայի հետ կապված ստեատոտիկ լյարդի հիվանդությամբ), որը հաճախ կապված է ավելորդ քաշի, սննդակարգի և կենսակերպի հետ։

Վիրուսային հեպատիտները շարունակվում են մնալ լյարդի հիվանդությունների և լյարդային մահացության գլխավոր պատճառներից մեկը։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 2022 թվականին 304 միլիոն մարդ ապրել է քրոնիկ հեպատիտ B կամ C-ով, իսկ նույն տարում գրանցվել է մոտ 1.3 միլիոն մահ, այսինքն՝ օրական շուրջ 3500 մահ։

Լյարդի քաղցկեղը շարունակում է մնալ գլոբալ լուրջ մարտահրավեր։ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության և ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է 866,136 նոր դեպք և 758,725 մահ լյարդի քաղցկեղից, և այն հանդիսանում է քաղցկեղից մահացության 3-րդ հիմնական պատճառն աշխարհում։

Լյարդի համաշխարհային օրվա միջազգային նախաձեռնության նյութերում նշվում է, որ լյարդի հիվանդությունների մինչև 90%-ը կանխարգելելի է, եթե մարդիկ ժամանակին ուշադրություն դարձնեն իրենց կենսակերպին։ Նույն աղբյուրում ընդգծվում է, որ լյարդի առողջության պահպանման համար հատկապես կարևոր են հետևյալ քայլերը․

  • Առողջ և հավասարակշռված սնունդ
  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
  • Ալկոհոլի օգտագործման նվազեցում կամ բացառում
  • Կանոնավոր բժշկական զննումներ

Լյարդի 2026 թվականի համաշխարհային օրը կրկին հիշեցնում է, որ լյարդի առողջությունը միայն բուժման խնդիր չէ, այլ ամենօրյա ճիշտ սովորությունների արդյունք։