ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Մագդերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվիրակությանը:
Գերմանացի գործընկերների հետ բուհի ղեկավարությունը քննարկեց ուսումնական ծրագրերին վերաբերող հարցեր, ինչպես նաև նախանշեց համագործակցության ուղիները: ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգային համագործակցությունն օտարերկրյա հեղինակավոր համալսարանների հետ՝ նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում բուհի սովորողները հնարավորություն կունենան ներգրավվել փոխանակման ծրագրերին: «Միջազգայնացման գործընթացի կարևոր բաղադրիչ է ազատ տեղաշարժի հնարավորությունը: Դրա արդյունքում ինչպես հայ և գերմանացի դասախոսները, այնպես էլ սովորողները կկարողանան ուսումնական ծրագրերի մի մասն անցնել համապատասխանաբար Հայաստանում և Գերմանիայում»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կարևորելով Մագդերբուրգի համալսարանի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է ՀՀ նախագահի մասնակցությամբ 2018 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի արդյունքում:
Պատվիրակության անդամները, որոնց թվում են Մագդերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, անատոմիայի պրոֆեսոր, Անատոմիայի ինստիտուտի տնօրեն Հերման-Յոզեֆ Ռոթքյոթերը, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ներքին հիվանդությունների բաժնի ղեկավար Ռյուդիգեր Բրաուն-Դուլեուսը և Բժշկական ֆակուլտետի միջազգային բաժնի ղեկավար Ստեֆանի Սասակի-Սելմերը, ԵՊԲՀ կատարած այցի շրջանակում հանդիպեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետի և ուսումնամեթոդական վարչության ներկայացուցիչների հետ, քննարկեցին ուսումնական ծրագրերին վերաբերող հարցեր, ծանոթացան իրականացվող աշխատանքներին:
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ուսանողների հետ: ԵՊԲՀ-ում մեծ թվով գերմանախոս ապագա բժիշկների առկայությունը, որոնք կկարողանան մասնակցել փոխանակման ծրագրերին, բարձր է գնահատվել գերմանացի պրոֆեսորների կողմից: Մագդերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվիրակությունը հոկտեմբերի 31-ին կայցելի համալսարանական հիվանդանոցներ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Մուրացան» հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: