Մանկաբույժի միջազգային օրն աշխարհում նշվում է նոյեմբերի 20-ին:
Սա առիթ է ևս մեկ անգամ ընգծել ոլորտի մասնագետների կարևոր դերը երեխաների առողջության պահպանման, բարեկեցության և զարգացման գործում:
Մանկաբույժները երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնությունն ապահովողներն են և պատասխանատու են նրանց ֆիզիկական, հոգեկան և հուզական առողջության պահպանման համար։ Նրանց գիտելիքից, ուշադրությունից, զգոնությունից և փորձից է կախված երիտասարդ սերնդի կյանքն ու ապագան։
Մանկաբույժի մասնագիտությունն ամենաբարդ և պատասխանատու բժշկական մասնագիտություններից է։ Երեխաներին օգնելը պահանջում է անձնական նվիրում, մեծ սեր և բարություն փոքրիկ պացիենտների հանդեպ, հաղորդակցման հմտություններ և բազմակողմանի մասնագիտական գիտելիք:
Հայ մանկաբույժները միշտ էլ աչքի են ընկել իրենց պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանքով։ Դրա արդյունքում, օրինակ, 1990- 2021թթ․-ի ընթացքում հաջողվել է էապես նվազեցնել մանկական մահացության մակարդակը հանրապետությունում (1990թ.՝ 18.6‰, 2000թ.՝ 15.6‰, 2010թ.՝ 11.6‰, 2020թ.՝ 7.4‰, 2021թ.՝ 7.3‰)։
Այսօր մեր երկրում գրանցվող ծնելիության անկմամբ և բնական աճի շարունակական նվազմամբ պայմանավորված՝ ժողովրդագրական ճգնաժամի պայմաններում երեխաների և դեռահասների առողջության պահպանման խնդիրները խիստ արդիական են։
Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում երեխաների բուժօգնության ցուցաբերման մոդելները տարբեր են. եվրոպական երկրների 41%-ում գործում է ընդհանուր պրակտիկայի մոդելը, 35%-ում՝ խառը մոդելը՝ ընդհանուր պրակտիկա և մանկաբուժություն, իսկ երկրների 24%-ում երեխաների բժշկական սպասարկումն իրականացնում են մանկաբույժները։
Վերլուծական կենտրոնի փոխանցմանբ` մեր երկրի գյուղական վայրերում երեխաների բուժսպասարկումն իրականացվում է ընտանեկան բժիշկների կողմից, իսկ Երևան քաղաքի և գրեթե բոլոր մարզային պոլիկլինիկաներում՝ մանկաբույժների կողմից։
Ըստ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի պաշտոնական տվյալների՝ 2021 թվականին առաջնային օղակի մանկաբույժների թիվը կազմել է 414, որից Երևան քաղաքում՝ 284 (մանկական բնակչությունը՝ 262 000 երեխա), իսկ մարզերում՝ 130 (մարզային քաղաքներում մանկական բնակչության թիվը՝ 104 700)։ Ընտանեկան բժիշկների ընդհանուր թիվը 598 է (մարզերի գյուղերում՝ մանկական բնակչության թիվը՝ 268 000), որից Երևանում՝ 54։ Մինչդեռ, հաշվի առնելով հանրապետությունում մանկական բնակչության թվաքանակը, ԱԱՊ բժիշկների պահանջարկը միջինում կազմում է՝ 524 մանկաբույժ և 766 ընտանեկան բժիշկ։ Այսինքն, ՀՀ-ում դիտվում է ինչպես մանկաբույժների, այնպես էլ ընտանեկան բժիշկների դեֆիցիտ՝ շուրջ 110 մանկաբույժի և 168 ընտանեկան բժշկի։ Եթե հաշվի առնենք նաև մանկաբույժների «ծերացման» գործոնը (նվազում՝ տարեկան 8-10 մանկաբուժով), ապա երեխաների բուժսպասարկման համար անհրաժեշտ մանկաբույժների լրացուցիչ պահանջարկը միջինում կկազմի մոտ 120։
Մանկաբուժական կադրերի խնդիրը հատկապես սուր է մարզերում՝ պայմանավորված ինչպես նրանց անհամաչափ բաշխմամբ (75%՝ Երևան և 25%՝ մարզեր), այնպես էլ մասնագետների անբավարար քանակով:
Հանրապետությունում մանկաբույժների թվի նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով. առաջինը բարձրագույն կրթության համակարգում միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված ԵՊԲՀ-ի մանկաբուժական ֆակուլտետի փակումն էր (ընդունելիությունը դադարեցվեց 1999 թվականից)։ Բացի այդ, ցավոք, մանկաբույժի մասնագիտությունը ներկայումս չի վայելում մեծ ժողովրդականություն: Բժշկական համալսարանի շրջանավարտները ոգևորված չեն մանկաբույժ դառնալու հեռանկարով. նրանք մոտիվացված չեն ակնկալվող եկամուտների առումով, խուսափում են երեխաներին սպասարկելու պատասխանատվությունից: Ավելին, մանկաբուժություն կամ մանկական նեղ մասնագիտություն ընտրած կլինիկական օրդինատորները գերազանցապես իրենց ապագա աշխատանքը տեսնում են միայն հիվանդանոցային ծառայության ոլորտում։ Ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում աշխատանքն ընտրող մանկաբույժները եզակի են։ Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ առաջնային օղակում երեխաների բուժօգնության և սպասարկման հիմնական նպատակն, առաջին հերթին, երեխայի առողջ աճի և զարգացման ապահովումն է, մինչդեռ հիվանդանոցային մանկաբույժներն առավելապես զբաղվում են հիվանդ երեխաների վարմամբ։
Վերջին տասնամյակում մանկաբույժներով ապահովվածությունը հիվանդանոց-պոլիկլինիկա կտրվածքով, հակադարձ միտումն է դրսևորում։ Այսպես, եթե հիվանդանոցային մանկաբույժների թիվն աստիճանաբար ավելացել է (2013թ.՝ 118, 2016թ.՝ 129, 2017թ.՝ 138, 2018թ.՝ 141, 2019թ.՝ 149, 2020թ.՝ 151, 2021թ.՝ 176 մանկաբույժ), ապա ԱԱՊ օղակում աշխատողներինը շարունակաբար նվազել է (2013թ.՝ 505, 2016թ.՝468, 2017թ.՝ 449, 2018թ.՝ 445, 2019թ.՝ 439, 2020թ.՝ 425, 2021թ.՝ 414 մանկաբույժ)։
Ուստի, հաշվի առնելով Հայաստանում մանկաբուժական կադրերի առկա պահանջարկը և առաջնային օղակում երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերող երիտասարդ մասնագետների լուրջ պակասը՝ անհրաժեշտ է ստեղծել բժշկական աշխատուժի ռազմավարությունների մշտադիտարկման համալիր համակարգ՝ բժիշկների փոխարինումը և երեխաների կարիքների բավարարումն ապահովելու նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է մշակել մանկաբույժների վերապատրաստման և նրանց պահպանման հիմնական գործոնները:
Շնորհավորում ենք բոլոր մանկաբույժներին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար։ Մաղթում ենք քաջառողջություն և անսպառ եռանդ։