Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովին մնաց մեկ ամիս

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովին մնաց մեկ ամիս

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուղիղ մեկ ամիս անց`  մայիսի երկրորդ կեսին, կանցկացվի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը: Ներկայացնում ենք կայանալիք միջոցառման խոսնակների հաջորդ խմբին․

 

 

Ռոնալդ Կրիյգեր

«Փրինսես Մաքսիմա մանկական ուռուցքաբանության կենտրոն», Նիդերլանդներ

Կլինիկական պաթոլոգ

Բժիշկ Կրիյգերն իր մասնագիտացումը ստացել է Մեծ Բրիտանիայի «Սուրբ Մայքլի հիվանդանոցում» և ստացել գիտական աստիճան Ռոտերդամի Էրասմուսի համալսարանում։

Երկար տարիներ աշխատել է նաև Դելֆտի Reinier de Graaf խմբում։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են մանկական սոլիդ ուռուցքները՝ նեյրոբլաստոմաները, երիկամի և լյարդի ուռուցքները, հերմինոգեն, էնդոկրին ուռուցքները։

Նա եղել է ավելի քան 15 ազգային և միջազգային հետազոտական ծրագրի ղեկավար կազմում, ներառյալ՝ 4 եվրոպական նախագիծ (օրինակ՝ FP7 և H2020)։

 

Նիսրին Ամայիրի

Թեմա՝ «Մանկական նեյրոուռուցքաբանության ծառայության հիմնումը զարգացող երկրներում»

Հուսեին թագավորի անվան քաղցկեղի կենտրոն, Հորդանան

Մանկական նեյրոուռուցքաբան:

2016 թվականին Նիսրին Ամայիրին արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) Life մրցանակին, որի շնորհիվ էլ նեյրոուռուցքաբանության ոլորտում նեղ մասնագիտացում է ստացել Կանադայի առաջատար Sickkids հիվանդանոցում։ Բժշկի կլինիկական հետաքրքրությունն է զարգացող երկրներում ԿՆՀ ուռուցքներով ախտորոշված երեխաների ապրելիության և կյանքի որակի բարելավումը։ Ներկայումս Նիսրին Ամայիրին ղեկավարում է HeadSmart Jordan ազգային ծրագիրը։

 

Պրոֆ. Սայմոն Բայլի

Թեմա՝ «Մեդուլլոբլաստոմա: Ռիսկ-ադապտացված բուժման էվոլյուցիան»

Նյուքասլի համալսարանի Գրեյթ Նորթ մանկական հիվանդանոց, Մեծ Բրիտանիա Մանկական նեյրոուռուցքաբան:

Պրոֆ. Սայմոն Բայլին ղեկավարում է Նյուքասլի համալսարանական Գրեյթ Նորթ հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժանմունքը: Պրոֆեսորի գիտական հետաքրքրությունն է մոլեկուլային թեստավորման ներդրումը գլխուղեղի ուռուցքով հիվանդ երեխաների շրջանում՝ բուժման ստրատիֆիկացիայի նպատակով, ինչպես նաև ռիսկ-ադապտացված բուժական ուղեցույցների տարածումը սահմանափակ ռեսուրսներով երկրներում։

Ներկայումս պրոֆ. Բայլին  SIOPE-ի բարձր ռիսկի մեդուլլոբլաստոմաների կլինիկական փորձարկման եվրոպական ղեկավարն է։ Նա ղեկավարում է նաև Քաղցկեղի ազգային հետազոտական ինստիտուտի գլխուղեղի ուռուցքների, ինչպես նաև  SIOPE-ի մանկական գլխուղեղի էմբրիոնալ ուռուցքների խումբը:

 

Լիվ Տիտղաթ

Փրինսես Մաքսիմա մանկական ուռուցքաբանության կենտրոն, Նիդերլանդներ

Մանկական ուռուցքաբան, դոցենտ, գիտահետազոտական խմբի ղեկավար:

Բժիշկ Տիտղաթը կլինիկական խնդիրների լուծումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով իր մասնագիտական բոլոր տարիներին համատեղել է կլինիկական ոլորտը գիտական հետազոտությունների հետ՝ փորձելով կապել բժշկագիտական երկու բնագավառները։ Նրա գիտական հետազոտություններն առավել կենտրոնացված են հեղուկ բիոպսիաների ոլորտում։ Բժիշկը ղեկավարում է նեյրոբլաստոմաների հեղուկ բիոպսիաների միջազգային կոմիտեն։ Նա ներկայումս ղեկավարում է նաև մի շարք գիտական ուղղություններ, այդ թվում՝ ուռուցքի միկրոմիջավայրը, մանկական սոլիդ ուռուցքների միջուկային հետազոտությունները և 12 ասպիրանտ ուսանողի մենթոր է։

 

Խալեդ Գանեմ

Khaled Ghanem

Թեմա՝ «Մանկական քաղցկեղի իրավիճակը կոնֆլիկտի և ճգնաժամի ժամանակ»

Ալ Բաիրոնի հիվանդանոց, ԲԱՍՄԱ մանկական ուռուցքաբանության բաժանմունք, Սիրիա, Մանկական ուռուցքաբան:

Խալեդ Գանեմը Սիրայի Դամասկոս քաղաքի ԲԱՍՄԱ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն է: Բժշկի հետաքրքրության հիմնական ոլորտը մանկական քաղցկեղի բուժումն է կոնֆլիկտային և ճգնաժամային տարածաշրջաններում: 2018 թվականին՝ սիրիական պատերազմի ավարտից հետո, նա ինտենսիվորեն ներգրավված է եղել իր երկրում մանկական քաղցկեղի բուժման հնարավորությունների զարգացման գործում: Նրա գործունեության արդյունքում բավականին բարելավվել է հիվանդների բուժումը և հիվանդների ապրելիությունը վերջին 5 տարվա ընթացքում:

Բժիշկ Գանեմը մանկական ուռուցքաբանության տարածաշրջանային ղեկավարն է, ստացել է բազմաթիվ միջազգային մրցանակներ ASH-ից, EBMT-ից։

Վերջերս՝ SIOP 2022-ի ընթացքում, Բարսելոնայում արժանացել է առաջին SIOP Young Rising Star մրցանակին:

 

Աննա Գորչակովա

Բելառուսի մանկական հոսփիս

«Բելառուսական մանկական հոսփիս» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն, Բելառուսի հետբուհական բժշկական ակադեմիայի պալիատիվ բժշկության դասընթացների տնօրեն

Աննա Գորչակովան պալիատիվ խնամքի ստեղծման նախաձեռնողն է Բելառուսի Հանրապետությունում և Բելառուսում առաջին մանկական հոսփիսի հիմնադիրը: Նա իր գործունեությունը սկսել է 1990 թվականին որպես կլինիկական հոգեբան Ուռուցքաբանության և արյունաբանության հանրապետական կենտրոնում, որտեղ աշխատել է չորս տարի: 1994 թվականին նա անցել է իր առաջին արտասահմանյան վերապատրաստումը Վաշինգտոնում՝ Children's Hospice International-ի շրջանակում և ԱՄՆ-ում ձեռք բերված փորձը ներդրել է Բելառուսում հոսփիսի ստեղծմանը։ Նրա համառության շնորհիվ Բելառուսի Հանրապետության 6 մարզկենտրոնից 4-ում հիմնվել են մանկական հոսփիսներ: Նա նաև ղեկավարում է պալիատիվ խնամքի հետդիպլոմային կրթական ծրագիրը Բելառուսական բժշկական ակադեմիայում։

2000 թվականին Բելառուսի առողջապահության նախարարությունը Աննա Գորչակովային պարգևատրել է պատվոգրով՝ Հանրապետությունում պալիատիվ ծառայության զարգացման համար։ Երկար տարիներ Բելառուսի Հանրապետությունում մահացող երեխաների խնամքի զարգացման համար Ուղղափառ հոսպիտալների կողմից 2003 թվականին պարգևատրվել է շքանշանով: Նույն թվականին Children’s Hospice International-ը Աննա Գորչակովային պարգևատրել էր Էրլ Ա. Գրոլմանի մրցանակով։

 

Պրոֆ Նորբերտ Գրաֆ

Թեմա՝ «Վիլմսի ուռուցքի ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումները»

Սարլենդի համալսարանական հիվանդանոց, Գերմանիա

Սարլենդի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր, UMBRELLA ուղեցույցի գլխավոր հետազոտող:

Նորբերտ Գրաֆը ղեկավարել է Սարլենդի համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքը մինչև 2022 թվականի մարտը և մինչև 2022 թվականի ապրիլը զբաղեցրել է նույն համալսարանի ուսումնական գծով դեկանի պաշտոնը։

Պրոֆ․ Գրաֆը Մանկական ուռուցքաբանության միջազգային միության երիկամային ուռուցքների հետազոտական խմբի նախկին ղեկավարն է։ Հանդիսանում է UMBRELLA ուղեցույցի գլխավոր հետազոտողը, որի նպատակը երիկամային ուռուցքներ ունեցող երեխաների վարման մոտեցումների մշակումն է։