Վերջերս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնն ահազանգել էր Գերմանիայում 2 անձի մոտ Մարբուրգի վիրուսի հնարավոր առկայության մասին:
Գերմանիայի առաղջապահական մարմիններից հայտնել էին, որ Ռուանդայից վերադարձած երկու ճանապարհորդներ մեկուսացվել են Համբուրգում, քանի որ Ռուանդայում գտնվելու ընթացքում բուժօգնության են դիմել երկրի առողջապահական այնպիսի բուժհաստատություն, որտեղ բուժվել են Մարբուրգի հիվանդությամբ պացիենտները:
Ռուանդայում 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ գրանցվել է Մարբուրգի 36 դեպք, 25 մարդ գտնվում է մեկուսացման մեջ, իսկ 11-ը մահացել են:
Հիվանդության վերջին ամենամեծ բռնկումը գրանցվել է 2005 թվականին Անգոլայում, երբ 374 վարակվածներից 329-ը մահացել են: Մահացությունը կազմել է 88%:
Չնայած այն փաստին, որ ճանապարհորդների թեստերը բացասական են եղել, այնուամենայնիվ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնը կապ է պահպանում միջազգային գործընկերների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար և առաջարկություններ է մշակում ԵՄ հանրային առողջապահական մարմինների համար:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Մարբուրգի վիրուսային հիվանդությունը, որը նախկինում հայտնի է եղել որպես Մարբուրգի հեմոռագիկ տենդ, ծանր հիվանդություն է, որը հաճախ մահացու է: Վիրուսը մարդկանց մոտ առաջացնում է վիրուսային հեմոռագիկ տենդի ծանր ձև: Այն պատկանում է վիրուսների նույն ընտանիքին, ինչ Էբոլա վիրուսը: Երկու խոշոր բռնկումներ, որոնք միաժամանակ տեղի են ունեցել Գերմանիայի Մարբուրգ և Ֆրանկֆուրտ քաղաքներում, ինչպես նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 1967 թվականին, նպաստել են հիվանդության նախնական հայտնաբերմանը: Բռնկումը կապված է եղել Ուգանդայից ներմուծված աֆրիկյան կանաչ կապիկների (Cercopithecus aethiops) օգտագործմամբ լաբորատոր աշխատանքների հետ:
Հիվանդության մահաբերության միջին մակարդակը կազմում է մոտ 50%: Անցյալ բռնկումների ժամանակ մահվան ելքով դեպքերի ցուցանիշը տատանվել է 24%-ից 88%-ի սահմաններում՝ կախված վիրուսի շտամից, հիվանդության վերահսկումից և բուժման որակից:
Ռեհիդրացիոն վաղ թերապիան և սիմպտոմատիկ բուժումը մեծացնում են արդյոնավետ բուժման հավանականությունը: Դեռևս չկա լիցենզավորված բուժման մեթոդ, որը կարող է չեզոքացնել վիրուսը, սակայն ներկայումս մշակվում են արյան մի շարք պատրաստուկներ, իմունոթերապևտիկ պատրաստուկներ և դեղորայքային բուժման մոտեցումներ:
Rousettus aegyptiacus-ը Pteropodidae ընտանիքի չղջիկներ են, որոնք համարվում են Մարբուրգի վիրուսի բնական օջախներ։ Մարբուրգի վիրուսը մարդկանց փոխանցվում է չղջիկներից և տարածվում է մարդկանց մեջ՝ մարդուց մարդ փոխանցման միջոցով:
Մարբուրգի վիրուսը մարդուց մարդ է փոխանցվում վարակված մարդկանց արյան, կենսահեղուկների, ինչպես նաև այդ հեղուկներով աղտոտված մակերեսների և նյութերի (օրինակ՝ անկողնային պարագաներ, հագուստ) հետ անմիջական շփման միջոցով (վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով): Առողջապահության ոլորտի մասնագետները հաճախ վարակվել են այս վարակով կասկածվող կամ հաստատված դեպքերով պացիենտների բուժման ընթացքում: Դա տեղի է ունեցել պացիենտների հետ սերտ շփման արդյունքում, երբ վարակի վերահսկման միջոցառումները խստորեն չեն պահպանվել: Աղտոտված ներարկման սարքավորումների պատահական վնասման արդյունքում փոխանցվող վարակը կապված է հիվանդության ավելի ծանր ընթացքի, արագ վատթարացման և, հնարավոր է, մահացության ավելի բարձր մակարդակի հետ:
Ներկայումս Մարբուրգի վիրուսով վարակվելու հավանականությունը ԵՄ/ԵՏԳ քաղաքացիների համար, ովքեր ճանապարհորդում կամ ապրում են Ռուանդայի ռիսկային տարածքներում, համարվում է ցածր, քանի որ մարդուց մարդ վիրուսը փոխանցելու համար անհրաժեշտ է շփում վարակված անձի կենսահեղուկների հետ:
Հիվանդության ինկուբացիոն շրջանը (վարակից մինչև ախտանիշների սկիզբը ընկած ժամանակահատվածը) տատանվում է 2-ից 21 օրվա միջակայքում:
Մարբուրգի վիրուսով հարուցված հիվանդությունը սկսվում է հանկարծակի՝ բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով և տհաճության զգացումով: Հաճախ մկանային ցավեր են առաջանում: Ծանր լուծը, որովայնի շրջանում ցավը և նքոցները, սրտխառնոցն ու փսխումը կարող են սկսվել երրորդ օրը: Հիվանդների արտաքին տեսքն այս փուլում նկարագրվում է որպես «ուրվական»՝ թուլացած դիմագծերով, խորը ընկած աչքերով, անարտահայտիչ դեմքերով և ծայրահեղ անտարբերությամբ: 1967 թ.-ին Եվրոպայում բռնկման ժամանակ հիվանդների մեծ մասը ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-ից 7 օրվա ընթացքում ունեցել է քոր առաջացնող ցան:
Շատ հիվանդների մոտ 5-7 օրվա ընթացքում զարգանում են ծանր հեմոռագիկ դրսևորումներ, իսկ մահվան դեպքերում սովորաբար նկատվում է արյունահոսություն այս կամ այն ձևով, հաճախ մի քանի տարածքներից: Փսխման և կղանքի մեջ թարմ արյունը հաճախ ուղեկցվում է քթից, լնդերից և հեշտոցից արյունահոսությամբ: Հատկապես վտանգավոր կարող են լինել ինքնաբուխ արյունահոսությունները երակային պունկցիայի վայրերում (որտեղ հնարավոր է ներերակային մուտք հեղուկի կառավարման կամ արյան նմուշներ վերցնելու համար): Կենտրոնական նյարդային համակարգի ներգրավումը կարող է հանգեցնել շփոթության, դյուրագրգռության և ագրեսիայի:
Մահացու ելքով դեպքերում մահն առավել հաճախ տեղի է ունենում ախտանիշների ի հայտ գալուց 8-9 օր հետո, սովորաբար դրան նախորդում է առատ արնահոսությունը և ցնցումները:
Բռնկումների դեմ արդյունավետ պայքարը կախված է մի շարք միջոցառումների կիրառումից, մասնավորապես՝ հիվանդության ճիշտ կառավարումից, պացիենտների հսկողության և շփման հետագծումից, լաբորատոր բարձրորակ սպասարկումից, անվտանգ հուղարկավորություններից և սոցիալական մոբիլիզացիայից: Տեղական համայնքների մասնակցությունը բռնկումների դեմ հաջող պայքարի բանալին է:
Մարբուրգի վարակի ռիսկի գործոնների և պաշտպանության միջոցների մասին իրազեկվածության բարձրացումը արդյունավետ միջոց է մարդուց մարդուն փոխանցումը և վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար:
Մասնավորապես ճանապարհորդներին խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի բնակավայրերից, որոնք կարող են բնակեցված լինել չղջիկներով, ինչպիսիք են քարանձավները կամ հանքերը, ինչպես նաև վայրի կենդանիների հետ սերտ շփման ցանկացած ձև, ներառյալ կապիկները, կրծողները և չղջիկները, ինչպես կենդանի, այնպես էլ անկած, ինչպես նաև վայրի կենդանիների միսը ուտելը:
Ռուանդայից ԵՄ/ԵՏԳ վերադարձող ճանապարհորդներին խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե նրանց մոտ առաջանան տվյալ հիվանդության ախտանիշները` նշելով իրենց ճանապարհորդության պատմությունը, ինչպես նաև վարակվելու հավանականությունը և սերտ շփումները: