Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնագետները շարունակում են քննարկել տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրները

Մասնագետները շարունակում են քննարկել տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրները

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար, Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան ներկայացրեց «Ճարպակալում, մարմնի զանգվածի կարգավորում, նյութափոխանակության (մետաբոլիկ) համախտանիշ. կապը սեռական ֆունկցիայի հետ» խորագրով զեկույցը։ Անդրադառնալով ճարպակալման ախտորոշման ցուցանիշներին՝ մասնագետը շեշտեց, որ ճարպակալումը պարտադիր ազդում է սեռական հորմոնների վրա։

Ելենա Աղաջանովան մեջբերեց ճարպակալման վերաբերյալ 2006թ. հրապարակված հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ եթե կա ճարպակալում, տեստոստերոնի ակարդակի իջեցման ռիսկն ավելանում է 2,7 անգամ, շաքարային դիաբետի դեպքում ավելանում է 2,2 անգամ։

«2004 թվականին հրապարակված հետազոտության (հետազոտվել է 25-84 տարեկան տարբեր քաշ ունեցող 1500 տղամարդ) տվյալների համաձայն՝ ինչքան մեծ է տղամարդու գոտկատեղի շրջագիծը, այդքան ավելի ցածր է տեստոստերոնի մակարդակը», – հայտնեց պրոֆեսորը` ելույթի ավարտին ներկայացնելով ճարպակալման բուժման և քաշի կարգավորման արդյունավետ մեթոդները։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժական մասին փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը քննարկման դրեց ոչ քիմիական կախվածությունները և դրանց ազդեցությունը տղամարդու առողջության վրա։ Նա ներկայացրեց ոչ քիմիական կախվածությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները. «ԱՄՆ-ում բնակչության 86%-ը կյանքում գոնե մեկ անգամ տարվել է մոլեխաղերով, 1,4-5,1%-ի մոտ ձևավորվել է պաթոլոգիկ կախվածություն։ Զարգացած երկրներում մոլեխաղերի հանդեպ կախվածության տարածվածությունը 0,2-3% է; Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում տարածվածությունը կազմում է 1,8-2,5%։ Հայաստանում հետազոտություններ առկա չեն»։

Մասնագետն անդրադարձավ նաև տարբեր երկրներում ոչ քիմիական կախվածության գենդերային առանձնահատկություններին, բարձրաձայնեց ախտորոշման հիմնական ցուցումները և առանձնացրեց խաղամոլության հետևանքները։ «60%-ը կատարում է հանցագործություններ (գողություն, խուլիգանություն, սպանություն), 35-40%-ն ունենում է սուիցիդալ հակումներ, 13-40%-ը դիմում է ինքնասպանության», – նշեց Գևորգ Փաշիկյանը՝ ներկաների հետ կիսվելով ժամանակակից բուժման հիմնական մոտեցումներով։

ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը ներկայացրեց «Կախվածությունը՝ որպես սուր և քրոնիկ հոգեբանական հիվանդություն» թեմայով զեկույցը։ Նա բնորոշեց կախվածությունը՝ որպես անգիտակցական ցանկություն՝ իրական կյանքից տեղափոխվելու այլ իրականություն։

«Ըստ ծանրության աստիճանի՝ կախվածությունը համարվում է երկրորդ հիվանդությունը քաղցկեղից հետո։ Մեր բուժման հիմնական նպատակը հոգեբանական տրավմայի հետ աշխատելն է», – նշեց Իլոնա Հովհաննիսյանը։

Խոսելով գենդերային առանձնահատկությունների մասին՝ նա մեջբերեց ԱՀԿ հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ 10 տղամարդուց 6-ը բուժվում է, 4-ը՝ մահանում, իսկ 10 կնոջից 7-ը մահանում է, 3-ը՝ բուժվում։ Անդրադառնալով քիմիական կախվածության հակված թիրախային խմբին՝ մասնագետը շեշտեց, որ շատ կարևոր է գենետիկան։ «Անձի զարգացման համար կարևոր է նաև ծնողների և շրջապատի հետ էմոցիոնալ կապը», – ավելացրեց Իլոնա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ բոլոր բժիշկների համար նախատեսված «Տղամարդու առողջությունը» երկօրյա համաժողովը բժշկական համալսարանի տանիքի ներքո էր համախմբել բժշկագիտության տարբեր ոլորտների փորձառու մասնագետներին։