Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնագիտական դասընթաց բժիշկների համար

Մասնագիտական դասընթաց բժիշկների համար

Փորձառու բժիշկ, սրտաբան-ռեանիմատոլոգ Արմեն Փիրուզյանն այսօր ԵՊԲՀ-ում բժշկական կազմակերպությունների և մասնագետների առաջարկով դասախոսեց վնասվածքների ժամանակ բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ:  

Մասնագիտական լսարանի համար նախատեսված այս քննարկմանն Արմեն Փիրուզյանն իր ամերիկացի գործընկերոջ հետ անդրադարձավ բուժօգնության տրամադրման տեսական և գործնական մի շարք խնդիրների:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի թարմացնել բուժանձնակազմի հմտությունները, որոնք իրենց մասնագիտական պարտքը կատարելով փրկում են մարդկային կյանքեր»,- ընդգծեց սրտաբանը՝ հավելելով, որ անդրադարձ կկատարվի վնասվածքների ժամանակ արյուրնահոսության կանգնեցմանը, սիրտ-թոքային վերակենդանացմանը և այլ թեմաների:

Բժիշկ Փիրուզյանը մանրամասնեց, որ մի քանի ժամ տևողությամբ այս դասընթացին ներկաների ուշադրության կենտրոնում են լինելու առաջին հերթին ոչ միայն ռազմական գործողությունների, այլև այլ աղետների՝ երկրաշարժերի, ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով առաջացած վնասվածքների ժամանակ բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները:

Մասնագետի խոսքով՝ ստեղծված պատերազմական իրավիճակում կարևոր է, որ բժշկական որոշակի գիտելիքներ և առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններ ունենան ոչ միայն բժիշկներն, այլև յուրաքանչյուր մարդ՝ անկախ նեղ մասնագիտացումից: