Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ ԵՊԲՀ քոլեջի ուսանողների համար

Բժշկական մայր բուհում Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ԵՊԲՀ քոլեջի ուսանողները հանդիպում ունեցան Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հետ:

Պրոռեկտորը ներկայացնելով իր անցած ուղին՝ ընդգծեց, որ «Մասնագետ» ծրագիրը նրանց կուղղորդի ճիշտ մասնագիտացում ընտրելու հարցում:

«Մենք փորձում ենք բազմաթիվ նմանատիպ ծրագրեր կազմակերպել՝ հասկանալու, թե  ինչ մոտիվացիա, հոգեբանական պատրաստվածություն ունեք, ինչը հնարավորություն կստեղծի,  որպեսզի դուք ավելի ճիշտ կողմնորոշվեք և հետագայում չմտածեք, որ իզուր ժամանակ եք կորցրել: Բազմաթիվ օրինակներ կան, երբ ուսանողները որոշում են այլ մասնագիտություն ընտրել՝ հասկանալով, որ բժշկությունը նրանց հոգեհարազատ չէ, կամ հակառակը: Մասնագետների աջակցությունը ձեզ ավելի իրական պատկեր կտա: Մասնակցե՛ք, եղե՛ք անկեղծ, մենք ուզում ենք օգնել, որպեսզի դուք չսխալվեք»,-նշեց  պրոռեկտորը:

ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ուսանողները սխալ են ընտրություն կատարում և հետո զղջում են կամ չեն զբաղվում այդ մասնագիտությամբ: «Դուք բժշկագիտության մեջ եք այլևս: Բժշկական կրթությունը, բացի բժշկագիտությունից,  ձեզ տալիս է մտահորիզոն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հատկություններ:

Կամային  և չխառնվելու հատկանիշը բժշկագիտության մեջ ամենակարևորն է, պետք է արագ գործել, վայրկյանը կյանք արժի: Փորձեք լավ ճանաչել ձեզ, ձեր բնավորությունը, որպեսզի ճիշտ մասնագիտացում ընտրեք»,-հավելեց Ալեքսան Հովհաննիսյանը՝ կիսվելով նաև իր մասնագիտական փորձով, ուսանողական կյանքի և դժվարությունների մասին՝ վառ օրինակ լինելով ապագա մասնագետների համար: 

Հանդիպման ավարտին ուսանողները այցելեցին ԵՊԲՀ թանգարան՝ ծանոթանալով բժշկագիտության պատմությանը, ցուցադրված եզակի նմուշներին: