Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնակցություն՝ Մուկովիսցիդոզի Եվրոպայի միության (Cystic Fibrosis European Society) 46-րդ համաժողովին

Մասնակցություն՝ Մուկովիսցիդոզի Եվրոպայի միության (Cystic Fibrosis European Society) 46-րդ համաժողովին

Հունիսի 7-10-ը Վիեննայում կայացավ Եվրոպայի Մուկովիսցիդոզի միության (Cystic Fibrosis European Society) 46-րդ համաժողովը, որի շրջանակում անցկացվեցին նաև Մուկովիսցիդոզի Եվրոպայի միության պացիենտների ռեգիստրի (Cystic Fibrosis European Society patient Registry) աշխատանքային հանդիպումներ և դասընթացներ։

Կոնֆերանսին և պացիենտների ռեգիստրի աշխատանքներին մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մուկովիսցիդոզի կենտրոնը, որը 2017 թվականից հանդիսանում է Մուկովիսցիդոզի Եվրոպական միության պացիենտների ռեգիստրի անդամ։

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանի խոսքով` Հայաստանում մինչև 2005թ. մուկովիսցիդոզ հիվանդություն գրեթե չէր ախտորոշվում, հիվանդության մասին գիտելիքները սուղ էին և սահմանափակվում էին  մանկաբուժության դասագրքերում` մեկ պարբերությամբ:

2005թ. հունիսին ՀՀ Առողջապահության նախարարի 543-Ա հրամանով ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցի բազայում ստեղծվեց Մուկովիսցիդոզի դիսպանսեր կենտրոն՝ հանրապետության ողջ մանկական բնակչության սպասարկման գործառույթով։

Մուկովիսցիդոզի կենտրոնի բացումը նամակներով ողջունեցին ՌԴ մուկովիսցիդոզի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Ն․Ի․ Կապրանովը, Մուկովիսցիդոզի համաշխարհային ֆոնդը (CF Worldwide), Մուկովիսցիդոզով պացիենտների եվրոպական միությունը (CF Europe):

Նշված կազմակերպությունները զգալիորեն աջակցեցին նաև մուկովիսցիդոզի կենտրոնի հետագա կայացմանը․ ոլորտի հայտնի մասնագետների մասնակցությամբ մեր երկրում կազմակերպվեցին միջազգային կոնֆերանսեր, կենտրոնին և պացիենտներին նվիրաբերվեցին բուժական սարքավորումներ, թանկարժեք դեղեր:

  «Կենտրոնը որդեգրեց մասնագիտական աճի, բժշկական հանրության պարբերաբար տեղեկատվության և պացիենտների կյանքի տևողության ու որակի  շարունակական բարելավման քաղաքականություն, հնարավորինս ինտեգրվեցին բուժման միջազգային ուղեցույցները։ Կենտրոնի աշխատանքների բարելավումն արժեքավորվեց Եվրոպայի Մուկովիսցիդոզի միության պացիենտների ռեգիստրին անդամակցելով, որի աջակցությունը կենտրոնին թույլ է տալիս ավելի ինտեգրվել հիվանդության վարման միջազգային ուղեցույցներին և փորձին»,- մանրամասնում է Սաթենիկ Հարությունյանը:

Կենտրոնի աշխատանքներին և պացիենտներին աջակցելու նպատակով ստեղծվեց նաև պացիենտների ասոցիացիա։

Այսօր կենտրոնն ունի գրանցված հաջողություններ։ Դրանցից ամենակարևորը Հայաստանում մուկովիսցիդոզով պացիենտների կյանքի որակի բարելավումն է։ Կենտրոնն ունի նաև էական խնդիրներ, որոնք լուծելու համար միավորված են ԵՊԲՀ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի, ՀՀ ԱՆ և Պացիենտների ասոցիացիայի ջանքերը։

     Երբ դիմել կամ ուղեգրել մուկովիսցիդոզի կենտրոն՝

  • Կրկնվող ծանր շնչառական հիվանդություններ՝ կրկնվող թոքաբորբ, կպչուն, թաց հազով ուղեկցվող աղմկոտ շնչառություն երկարատև թաց հազ, բուժմանը վատ ենթարկվող ասթմա, կրծքավանդակի կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունով հայտնաբերված բրոնխաէկտազներ,
  • Քաշի անբավարարություն, քաշի վատ ավելացում՝ զուգակցվող երկարատև լուծով, անմարս, յուղոտ կղանք, կայուն փորափքանք՝ քաշի անբավարարությունով, ուղիղ աղիքի արտանկում՝աղիքային վարակի բացակայության դեպքում,
  • Փսխման դրվագներ՝ ուղեկցվող ախորժակի բացակայությունով, ջրազրկումով, դրանց դեպքում հիվանդանոցային բուժումներ, որոնց ժամանակ հայտնաբերվել է էլեկտրոլիտային խանգարումներ՝ հիպոնատրիեմիա, հիպոկալիեմիա,
  • Քթի պոլիպներ, բուժմանը չենթարկվող քրոնիկ սինուսիտներ,
  • Կրկնվող սուր պանկրեատիտներ: