Մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր:
Այս նախաձեռնությունը հիմնադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2009 թվականին՝ «Փրկե՛ք կյանքեր. մաքո՛ւր պահեք ձեռքերը» արշավի շրջանակներում:
Օրվա խորհրդանիշը և նպատակը հատկանշական են` 05.05 ամսաթիվը պատահական չէ, այն խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատները, իսկ հիմնական նպատակն է` բարձրացնել իրազեկվածությունը ձեռքերի հիգիենայի կարևորության մասին՝ հատկապես բժշկական հաստատություններում վարակների տարածումը կանխելու և կյանքեր փրկելու համար:
Ապացուցված է, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում ձեռքերի հիգիենան ամենաարդյունավետ և մատչելի միջոցն է: Այն թույլ է տալիս ապահովելու անվտանգ բուժօգնություն, միաժամանակ զսպելով հակամանրէային կայունության զարգացումը:
2026 թվականի արշավի կարգախոսն է՝ «Գործողությունը փրկում է կյանքեր» (Action Saves Lives): Այն կոչ է անում բուժաշխատողներին և հանրությանը թարմացնել իրենց գիտելիքները և հետևել ձեռքերի հիգիենայի լավագույն փորձին:
Ձեռքերի հիգիենան շատ ավելի զարմանալի թեմա է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
ԵՊԲՀ վերլուծական կենտրոնը ներկայացնում ենք 7 փաստ ձեռքերի հիգիենայի մասին.
- Բակտերիաների «բնակչությունը»` մարդու ձեռքերի վրա միջինում բնակվում է մոտ 150 տեսակի բակտերիա։ Հետաքրքիր է, որ ձախ և աջ ձեռքերի վրայի բակտերիաների տեսականին կարող է զգալիորեն տարբերվել նույնիսկ նույն մարդու մոտ։
- Թաց ձեռքերը «մագնիս» են` թաց ձեռքերը 1000 անգամ ավելի շատ բակտերիա են փոխանցում, քան չոր ձեռքերը։ Ուստի ձեռքերը լվանալուց հետո դրանք լավ չորացնելը նույնքան կարևոր է, որքան բուն լվալու գործընթացը։
- Օճառի ուժը` միայն ջրով լվացվելիս բակտերիաների զգալի մասը մնում է ձեռքերին։ Օճառն անհրաժեշտ է, որպեսզի քայքայի մաշկի վրայի ճարպային շերտը, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մանրէների համար։ Առանց օճառի լվացվելը գրեթե անօգուտ է ակնհայտ աղտոտվածության դեպքում։
- 20 վայրկյանի կանոնը` որպեսզի ձեռքերն իրապես մաքրվեն, դրանք պետք է շփել օճառով առնվազն 20 վայրկյան։ Ժամանակը ճիշտ հաշվելու համար կարող եք մտքում երկու անգամ երգել “Happy Birthday” երգը։
- Ամենակեղտոտ իրերը. Մեր առօրյա օգտագործման իրերից ամենաշատ բակտերիաները գտնվում են հեռախոսների, ստեղնաշարերի և դրամի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հեռախոսների վրա ավելի շատ վտանգավոր մանրէներ կան, քան զուգարանակոնքի նստատեղին։
- Կանայք ավելի բարեխիղճ են` վիճակագրությունը փաստում է, որ կանայք ավելի հաճախ և ավելի երկար են լվանում ձեռքերը, քան տղամարդիկ։ Նաև կանայք ավելի հաճախ են օգտագործում օճառ։
- Պատմական փաստ. Մինչև 19-րդ դարի կեսերը բժիշկները չէին լվանում ձեռքերը վիրահատություններից առաջ։
Հունգարացի բժիշկ Իգնաց Սեմելվեյսը առաջինն էր, ով ապացուցեց, որ ձեռքերի ախտահանումը կարող է կտրուկ նվազեցնել մահացությունը հիվանդանոցներում, թեև իր ժամանակակիցները սկզբում նրան չէին հավատում։