Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց երկօրյա համագումարը՝ նվիրված պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին

Մեկնարկեց երկօրյա համագումարը՝ նվիրված պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին

ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված «Հակամանրէային կայունություն և վարակի հսկողություն» թեմայով միջազգային մասնակցությամբ գիտաժողովի հետ, որը նվիրված է պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին:

Բացման խոսքով հանդես եկան ամբիոնի նախկին ղեկավարները, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանը, դոցենտ Վարդան Հովասափյանը:

Վերջինս ներկաների հետ կիսվեց պրոֆեսոր Դեղձունյանի մասին հուշերով:

«Նրա կերպարով կարելի էր հիանալ՝ մեծ հայրենասեր էր, մարդասեր, որից շատ բան ենք սովորել: Նա շրջապատված էր ժամանակի մտավորականներով, որոնք երաժշտության, արվեստի, գրականագիտության ներկայացուցիչներ էին՝ Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան և այլք»,- ասաց Վարդան Հովասափյանը՝ նշելով, որ Կարապետ Դեղձունյանը բժշկական համալսարանում ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնել է ՝ փոխարինելով  ակադեմիկոս Արտո Ալեքսանյանին, ինչը խիստ պարտավորեցնող էր:

«Դժվարությամբ, բայց նա էլ ավելի զարգացրեց ամբիոնը: Նրա շնորհիվ ամբիոն եկան մանրէաբաններ, որոնք օգնեցին լուծում տալ տարբեր խնդիրների: 1976 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ներհիվանդանոցային ինֆեկցիաների գիտահետազոտական կենտրոնը»,- հիշեց նա՝ ավելացնելով, որ պրոֆեսոր Դեղձունյանն ամեն տեղ աչքի է ընկել իր ունակություններով և առանձնահատկություններով:

Ներկաներին ողջունեց Տաթևիկ Դեղձունյանը՝ Կարապետ Դեղձունյանի թոռը: Նա շնորհակալություն հայտնեց իր պապին հիշելու, գնահատելու և նրա թողած ավանդույթները պահպանելու համար:

«Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարի գիտական մասը մեկնարկեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը՝ ներկայացնելով «Վարակի հսկողության առանձնահատկությունները ծննդօգնության ոլորտում, ձեռքբերումներ և բացեր» թեմայով զեկույցը:

Մինչ թեմային անդրադարձ կատարելը նա շեշտեց, որ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը լավ առիթ է մեկ հարկի տակ հավաքելու հայ համաճարակաբանների մեծ մասին:

«Շատ պարտավորեցնող է ղեկավարել այն ամբիոնը, որը երկար տարիներ ղեկավարել է պրոֆեսոր Դեղձունյանը»,- ասաց նա՝ հիշելով հայտնի միտքը՝ իմ ուսուցչի ուսուցիչն իմ ուսուցիչն է: Պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ միջոցառմանը ներկա են ամբիոնը ղեկավարած վարիչներից չորսը:

Անդրադառնալով արդի համաճարակաբանության կարևոր խնդիրներից մեկին՝ հակամանրէային կայունությանը և վարակի վերահսկողությանը, որն այսօր գլոբալ մարտահրավեր է ամբողջ առողջապահության համակարգի համար, պատմական ակնարկ կատարեց՝ նշելով, որ հոսպիտալային համաճարակաբանությունը սկիզբ է առել ծննդատնից և հիմնադրվել է մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:

«Տեսնելով ձեռքերի հիգիենայի անտեսումն ուսանողների կողմից և նրանց կողմից ընդունած ծնունդների բարդությունները, նա ներդրել է մի համակարգ, որի մասին մենք 250 տարի անց խոսում ենք որպես սանիտարական նորմ: Հայաստանում անցյալ տարի ներդրվեց և մշակվեց ձեռքերի հիգիենայի սանիտարական նորմը, որպեսզի լինի վերահսկողություն փոխանցման գործոնի նկատմամբ»,-ասաց համաճարակաբանը:

Շարունակելով՝ նա հավելեց, որ հիվանդանոցում բուժօգնությունը պացիենտի համար պետք է լինի նվազ վտանգավոր: «Այս արտահայտությունն իր արդիականությունը չի կորցրել մեր օրերում: Բուժման ընթացքում պացիենտին լրացուցիչ բեռ տալը հանդիսանում է  թե՛ նրա առողջության, թե՛ տնտեսական վնասի արդյունք:

Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՀԿ-ի կողմից ներդրվել է վարակի հսկողության և կանխարգելման համակարգ (IPC), որը նպատակ ունի վերահսկել հոսպիտալային վարակը»,-ընդգծեց նա:

Համաճարակաբանը բուժհաստատությունում աշխատում է ռեժիմի պահպանման համար: «Քանի դեռ կա մարդկային գործոն, լինելու է ռեժիմի խախտում», -ասաց նա:

Ամբողջությամբ վերահսկել հոսպիտալային վարակը որևիցե մեկին չի հաջողվի, սակայն նվազեցնելը մեր առօրյա աշխատանքի հիմնական մասն է: «Եթե ձեր աշխատանքի արդյունքում 50 տոկոսով կարողացաք նվազեցնել այն, ապա դա կհամարվի հոսպիտալային համաճարակաբանի և թիմի աշխատանքի հաջողության գրավականը»,- եզրափակեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման 2024-2028 թթ.  Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ներկայացնելով ԱՀԿ-ի տվյալները՝ նա նշեց, որ ցանկացած պահի յուրաքանչյուր 100 բուժառուի բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 7-ը, ցածր ու միջին  եկամուտ ունեցող երկրներում՝ 15-ն անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրող հիվանդանոցներում գտնվելու ընթացքում ձեռք է բերում առնվազն մեկ բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակ /ԲՄՊՎ/:

Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ մեր երկրում ԲՄՊՎ-ի կանխարգելման 2024-2028թթ. ազգային ծրագրի նպատակն է ստացիոնար բժշկական կենտրոններում ՎԿՀ ծրագրերի նվազագույն պահանջների ներդրումը:

«Վարակի կանխարգելման և հսկողության ծրագրերի գնահատում ՀՀ հիվանդանոցներում՝ IPCAF գործիքի կիրառմամբ» թեմայի շրջանակում բժիշկ-համաճարակաբան Գենադի Պալոզյանն անդրադարձավ խնդրի արդիականությանը՝ նշելով, որ ԲՄՊՎ-ները հանրային առողջության լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում, որի կանխարգելման համար անհրաժեշտ է մշակել և ներդնել վարակի կանխարգելման և հսկողության արդյունավետ ծրագիր:

Բժիշկ-համաճարակաբան Շողիկ Ավետիսյանը ներկայացրեց «Ձեռքերի հիգիենային ներկայացվող արդի պահանջներ» թեմայով զեկույցը: Նա նշեց, որ առաջին անգամ Հայաստանում իրավական կարգավորում է ստացել բուժանձնակազմի և բժշկական կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ:

«Մենք գիտենք, որ բժշկական միջամտության ընթացքում վարակների մեծ մասը փոխանցվում է բուժանձնակազմի ձեռքերի միջոցով»,- շեշտեց նա:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսելով բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների մասին՝ նշեց, որ դրանք և հակամանրէային դեղերի կիրառումը լուրջ խնդիր են հանրային առողջության համար: Նա ներկայացրեց ԲՄՊՎ-ների և ՀՄԿ-ի տարածվածություն ըստ տեսակի՝ ինտերակտիվ քննարկելով ոլորտի մասնագետների հետ:

Հաջորդ զեկույցը «Հակաբիոտիկակայունության արդիականությունը թոքերի քրոնիկ հիվանդություններով երեխաների շրջանում» թեմայով էր` ԵՊԲՀ մանկաբուժության թիվ ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանի մեկնաբանմամբ:

«Հակամանրէային կայունությունը (AMR) գլոբալ առողջապահական մարտահրավեր է, աճող պոտենցիալը կարող է դառնալ երկրագնդում մահվան հիմնական պատճառ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այն կարող է խնդիր առաջացացնել առաջնային հիվանդություն ունեցող պացիենտների շրջանում, ինչպես օրինակ՝ ուռուցքային հիվանդություններ, իմունոդեֆիցիտ, իմունոսուպրեսիա, մուկովիսցիդոզ և այլն:

Մանկաբույժի փոխանցմամբ՝ հակամանրէային կայունության պատճառ կարող են լինել հակամանրէային դեղերի ոչ տեղին կիրառումը, չարաշահումը, նոր հակամանրէային միջոցների ստեղծման հապաղումը, գյուղատնտեսությունում հակամանրէային դեղերի կիրառումը, հարուցչի ուշացած տարբերակումը՝ առանց զգայունության որոշման և այլն:

Մասնագետն անդրադարձավ նաև քրոնիկ շնչառական խնդիրներին հակամանրէային կայունությանը մուկովիսցիդոզի օրինակով: Նա կարևորեց ներհիվանդանոցային վարակի խիստ վերահսկումը, ինչպես նաև պացիենտների ճիշտ սեգրեգացիան՝ ամբուլատոր այցերի և հոսպիտալիզացիայի ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»-ի տնօրեն, անասնաբույժ-փորձագետ Տիգրան Մարկոսյանը խոսեց «Հակամանրէային կայունության հիմնախնդիրը անասնաբուժության և գյուղատնտեսության բնագավառում» թեմայով՝ ներկայացնելով Հայաստանում այս ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նրա ներկայացմամբ՝ համաշխարհային մակարդակով միայն 42 երկիր են, որ ունեն կենդանիների շրջանում կիրառվող հակաբիոտիկների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համակարգ: Կենդանիների շրջանում կիրառվող հակաբիոտիկների 75-90% չի յուրացվում և այս կամ այն կերպ տարածվում է արտաքին միջավայրում։ Գլոբալ առումով արտադրվող հակաբիոտիկների շուրջ 73%-ը օգտագործվում են անասնաբուծության մեջ։

Տիգրան Մարկոսյանի փոխանցմամբ՝ անասնաբուժության, անասնաբուծության ոլորտում ներկայումս հակամանրէային դեղամիջոցների գլոբալ սպառումը կազմում է ավելի քան 60,000 տոննա տարեկան: 2030թ. գյուղատնտեսական կենդանիների համար հակաբիոտիկների կիրառումը կհասնի մինչև տարեկան 200.000 տոննա մակարդակին:

«Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարի երկրորդ օրը հայ համաճարակաբաններն իրենց աշխատանքները կշարունակեն միջազգային գործընկերների հետ համատեղ: