Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ այսօր ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային հերթական դասընթացը:
Բժշկական, առողջապահական հաստատությունների 20 ներկայացուցիչ 11 շաբաթվա ընթացքում կծանոթանա բուժհաստատությունների ժամանակակից կառավարման հնարավորություններին, ձեռք կբերի գործնական գիտելիքներ և հմտություններ:
«Արդեն 6-րդ անգամ անցկացվելով՝ հավաստագրային դասընթացը վկայում է, որ այն պահանջված է և շարունակական է լինելու»,- ներկայացնելով մեկնարկող ծրագրի կազմակերպչական մանրամասները նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ՝ ծրագրի շնորհիվ ոլորտի մասնագետները հնարավորություն ունեն ստացած գիտելիքները կիրառել գործնականում, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում:
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ մեկնարկող դասընթացը լրացնում է «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական մեկ տարի տևողությամբ ծրագիրը, որն իրականացվում է նաև աշխարհի խոշորագույն համալսարաններում:
«Մենք ունեինք զարգացման տեսլական և որոշեցինք, որ պետք է համատեղ ջանքերով հաղթահարենք դժվարությունները և նոր հաջողություններ գրանցենք»,- ասաց Սեմերջյանը, որը արտերկրում դասավանդման և մագիստրոսական ու կրթական նման այլ ծրագրի կազմակերպման մեծ փորձ ունի:
Նա մասնակիցներին ներկայացրեց 2017 թվականից ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքները, կատարված աշխատանքը:
Նշենք, որ դասընթացի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և 44 ՇՄԶ կրեդիտ: