Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը

Մեկնարկեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը։

«Լանցետ»-ը վիրաբուժական հմտությունների դասավանդման ծրագիր է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողների համար: Այն միջազգային ուսանողական միջավայր է, որը հնարավորություն կտա ապագա բժիշկներին զարգացնելու վիրաբուժական գործնական հմտությունները՝ անկախ տարիքից և փորձից:

Սկսելով վիրաբուժության հիմքերից և լրացնելով տեսական գիտելիքների պաշարը, օգտագործելով արհեստական նյութեր՝ ուսանողները կսովորեն ամենապարզից մինչև ամենաբարդ հմտությունները: Այնուհետև տեսական գիտելիքները կհասցվեն վիրաբուժական մակարդակի. ապագա վիրաբույժները կաշխատեն հյուսվածքների հետ՝ սովորելով յուրաքանչյուր հյուսվածքի հետ աշխատելու սկզբունքները, օրենքները և առանձնահատկությունները: Ձեռք բերված վիրաբուժական հմտություններն օգտագործելու նպատակով ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու վիրահատությունների համալսարանական կլինիկաներում և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի փորձարարական վիրասրահում: Որոշակի փորձ ձեռք բերելուց և սեփական ունակությունները զարգացնելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային վիրաբուժության փորձին՝ մասնակցելով արտասահմանյան բուհերի հետ փոխանակման հետագա ծրագրերին:

Կարիերայի կենտրոնի ղեկավար, «Լանցետ» միջազգային ծրագրի համակարգող Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար դիմել է 154 ուսանող:

Դիմորդներից Դիանա Դումանյանը նախընտրական փուլի ընթացքում նշեց, որ ցանկանում է ակնաբույժ դառնալ, իսկ ծրագրին մասնակցությունը կարևոր է՝ գործնական հմտություններ ձեռք բերելու համար:

Արցախցի ապագա մանկական վիրաբույժ Լյուդմիլա Ավետիսյանի համոզմամբ՝ դասընթացը կօգնի վիրաբուժության վերաբերյալ որոշակի բացթողումներ լրացնել: Իսկ արթիկցի Վահե Աղաքարյանը, որը նույնպես ծրագրի դիմորդներից է, հստակ սահմանելով, թե ինչ է վիրաբուժությունը, նշեց, որ դեռ չի կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում. կա՛մ անոթային վիրաբույժ կդառնա, կա՛մ ուռուցքաբան: