Բժշկական համալսարանում մարտից կիրառվում է ուսումնական գործընթացի ինտերակտիվության բարձրացման նոր գործիք` Mentimeter, որի կիրառման համար բուհը գնել է համապատասխան 50 արտոնագիր:
««Մենտիմետր»-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս դասախոսությունների, գործնականների, սեմինարների ժամանակ ապահովել առավել շատ ինտերակտիվություն, առավել լայն շփում լսարանի հետ` հաշվի առնելով, որ ուսանողներն ունեն բջջային հեռախոսներ և միանալով առցանց՝ պատասխանում են դասախոսի կողմից տրված հարցին: Սա լսարանի հետ հետադարձ կապի ապահովման լավ ու առաջադեմ տեխնոլոգիա է»,- նշում է Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտեմ Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ` «Մենտիմետր»-ը մոտ չորս տարի կիրառվել է, բայց անհատական մակարդակում, մի քանի դասախոսի սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով` հիմնականում գաստրոէնտերոլոգիայի, մաշկաբանության ոլորտներում, ինչպես նաև «Հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում, իսկ այս ուսումնական տարում որոշում կայացվեց գնել ծրագրի լիցենզավորված տարբերակները` առավել լայն շրջանակի համար: Գործիքն արդեն կիրառող դասախոսները գոհ էին ստացված արդյունքից:
«Նախկինում, եթե լսարանում դասավանդողի կողմից հարց էր հնչում, ապա պատասխանում էր մի քանի ուսանող, այժմ հարցադրմանը այս ծրագրի շնորհիվ արձագանքում են գործնականում բոլորը: Ապագա բժիշկներին հետաքրքրում է նաև վերջնարդյունքը, երբ էկրանին հայտնվում են հարցին ճիշտ պատասխանողների անունները (կամ՝ կեղծանունները): Ամբողջական պատկերը տոկոսային հարաբերությամբ լինում է բոլորի աչքի առաջ:»,- ասում է Գրիգորյանը, որը տարիներ շարունակ ներգրավված լինելով բուհի կրթության որակի գնահատման և բարելավման գործընթացներում տեխնիկական այս նորարության ներդրումը ինտերակտիվության ապահովմանն ուղղված կարևոր քայլ է համարում:
Mentimeter – շվեդական ընկերություն է, որի գրասենյակը տեղակայված է Ստոկհոլմում: Ընկերությունը ծրագրավորում է և սպասարկում նույնանուն հավելված, որն օգտագործվում է ռեալ ժամանակում հետադարձ կապ ստեղծող պրեզենտացիաներ:
Ընկերության «Հաջողության մենեջերի» կողմից և նրա հետ համատեղ համակարգվում է ծրագրում ներգրավված բուհական մասնակիցների գործողությունները:
«Մենտիմետր»-ը կիրառվելու է տարբեր կուրսերում` գործնական պարապմունքների, սեմինարների ընթացքում:
Օրերս, Արտեմ Գրիգորյանը, գործընկերներին` ամբիոնների ղեկավարներին ու դասախոսներին է ներկայացրել նորարարական այս ծրագրի, կառավարման մանրամասները: Այս պահին արդեն 35 դասախոս ակտիվ անդամակցում է ծրագրին:
Նշենք, որ նախքան ներդրումը` 2022 թվականի նոյեմբերին հարցմանը մասնակցող համալսարանականների 58.9 տոկոսը պատասխանել էր, որ տեղյակ չէ ինտերակտիվ այս գործիքից, իսկ 88 տոկոսը նշել է, որ կցանկանար օգտագործել այն:
Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև գործիքի համագործակցային լայն հնարավորություններին:
Նախատեսվում է ձևավորվել խումբ` «Սպլին ակումբ» անվանմամբ, որի գործունեության, ինչպես նաև «Մենտիմետր»-ին վերաբերվող նյութերի, մեթոդաբանական հնարքների, անհրաժեշտ ուղեցույցների մասին կտեղադրվի ԵՊԲՀ պաշտոնական կայքի «Դասախոսներին» դարանում: