Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մեր մեծերը». Մխիթար Հերացի

«Մեր մեծերը». Մխիթար Հերացի

«Հերացի» վերլուծական կենտրոնը նախաձեռնել է նոր շարք՝ «Մեր մեծերը» խորագրով, որը նվիրված կլինի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ անվանի մեծերին: Շարքը սկսում ենք խորհրդանշական նյութով` նվիրված մեծ բժշկապետ Մխիթար Հերացուն, որի անվամբ 1989թ.-ից անվանակոչվել է բժշկական բուհը:

Հայերը համաշխարհային գիտության մեջ մեծ դերակատարում են ունեցել և մեծագույն նվաճումների հեղինակ են: Ի թիվս այլ ոլորտների, բացառություն չէ բժշկությունը: Միջնադարի անվանի բժշկապետ, իմաստասեր, բնագետ, փիլիսոփա, աստղագետ, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու գործերից դարեդար օգտվել են ոչ միայն հայերը, այլև տարածաշրջանի այլ ազգեր ու ժողովուրդներ:

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա ժամանակների բժիշկները: Նա հիմնադիրն է միջնադարյան հայ բժշկության, որի համար նույն դերն է խաղացել, ինչ Հիպոկրատը`   հունական, Գաղիանոսը` հռոմեական և Իբն-Սինան` արաբական բժշկության համար:

Գերմանացի գիտնական Էռնստ Զայդելը 1908թ.-ին հատուկ հայերեն է սովորել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» գործն ուսումնասիրելու համար:

Նա գերմաներեն հրատարակած իր գրքի նախաբանում գրել է. «Եթե մենք առանց կանխակալության համեմատենք Հիլդեգարդայի (12-րդ դարի գերմանացի միանձնուհի, գիտնական) «Ֆիզիկան», որը գրվել էր ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, հայ վարպետի ստեղծագործության հետ, ապա ստիպված կլինենք առաջնության դափնին վճռականորեն շնորհել վերջինիս՝ բնությունը հիմնավորապես ճանաչելու, հետևողական, ինքնուրույն և սխոլաստիկ, կրոնի խորհրդապաշտական լծից կատարելապես զերծ լինելու համար»:

Մխիթար Հերացին ծնվել է մոտավորապես 1100թ.-ին Պարսկահայք նահանգի Հեր (Խոյ) քաղաքում: Պատանեկությունն անցկացնելով հայրենի քաղաքում՝ սովորել է բնական գիտություններ, պարսկերեն, արաբերեն: Հետագայում վարժ տիրապետել է նաև հունարենին: Դա ապագա բժշկապետին օգնել է բնագրով կարդալու և ուսումնասիրելու հին աշխարհի և միջնադարի գիտնականների գործերը:

Հերացին շատ է շրջագայել, եղել թե Արևմուտքում, թե Արևելքի երկրներում: Նա քաջածանոթ էր Հիպոկրատի, Ավիցեննայի (Իբն Սինա), Գալենի աշխատություններին, որոնք ուսումնասիրել է բնագրով:

Այնուհետև տեղափոխվել է մշտական բնակության Կիլիկյան հայկական թագավորությունում:  Տեղում սովորել ու ստացել է վարդապետի կոչում, բժշկությամբ զբաղվել Սիս մայրաքաղաքում և Հռոմկլա ամրոցում, որն այդ տարիներին կաթողիկոսանիստն է եղել: Մխիթար Հերացին մտերիմ է եղել Ներսես Շնորհալու հետ և վայելել է նրա հովանավորությունը: Շնորհալու մահից հետո նա լավ հարաբերություններ էր պահպանել նաև Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի հետ և առհասարակ վայելել է Պահլավունիների հզոր տոհմի աջակցությունն ու հովանավորությունը:

Տակավին երիտասարդ՝ Մխիթար Հերացին ողջ Կիլիկիայում արդեն հմուտ բժշկի համբավ է ունեցել: Չնայած հոգևորականության հետ մերձ հարաբերություններին` նրա գործերում միստիկ և հոգևոր-աստվածաբանական ոչինչ չի եղել: Հերացին աշխարհիկ բժիշկ է եղել և ըստ նրա՝ «մարդու մարմնի հետ մեռնում է նաև հոգին»: Նա միջնադարում կարողացել էր ազատվել կրոնական մոլեռանդությունից ու կաղապարներից, ինչն ավելի է արժևորում նրա աշխատությունները:

Բժշկագիտությունը Կիլիկիայի թագավորությունում մեծ նվաճումների էր հասել: Այն միշտ պետական հոգածության առարկա է եղել: Բավական է հիշել 13-րդ դարասկզբին Սիս մայրաքաղաքում Զապել թագուհու բացած հիվանդանոցը, որտեղ հայոց թագուհին անձամբ էր խնամում հիվանդներին:

 «Ջերմանց մխիթարությունը» Մխիթար Հերացու գլուխգործոցն է, որը գրվել է 1184թ.-ին Հռոմկլայում: «Ջերմանց մխիթարություն» աշխատությունում Հերացին բժշկագիտության մեջ առաջին անգամ խոսում է մանրէաբանության, մանրէների միջոցով հիվանդությունների տարածման ու զարգացման մասին: Նա մանրէներն անվանում է բորբոս, իսկ հիվանդությունները՝ բորբոսային հիվանդություններ: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների /մալարիայի/ դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին:

Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «մեկօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակի փոխանցման դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ:

Հայ բժշկության պատմությանը քաջատեղյակ Լևոն Հովհաննիսյանը Հերացու մասին գրում է հետևյալը. «Անվիճելի և օբյեկտիվ փաստ է, որ մինչմանրէաբանական շրջանի բժիշկներից ոչ մեկը չի օգտագործել վարակի էությունը բնորոշող այնպիսի մի տերմին, որն ավելի մոտ լիներ ճշմարտությանը, քան այդ արել է Մխիթար Հերացին»:

«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյան հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացնում էր բուսաբուժությանը, հենվում էր ինչպես հայկական ժողովրդական բժշկության, այնպես էլ Արևելքի զարգացած երկրների բժշկության դարավոր փորձի վրա:

«Ջերմանց մխիթարություն» ձեռագիրը հայտնաբերվել է 1727թ.-ին Կ.Պոլսում և տեղափոխվել է Ֆրանսիա: Այդ օրինակը մինչ օրս պահվում է Փարիզի ազգային գրադարանում: Առաջին անգամ հայերեն հրատարակվել է Վենետիկում 1832թ.-ին, ապա թարգմանվել բազմաթիվ լեզուներով և վերահրատարակվել մի քանի անգամ: Երևանում հրատարակվել է 1955թ.-ին (ռուսերեն)՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի կողմից։

Ներկայում Մատենադարանում պահվող բնագիրը հայտնաբերվել է 1863թ.-ին Էջմիածնի գրադարանի արխիվում և համարվում է, որ այն գրվել է 1279թ.-ին` արտագրվելով հենց Հերացու կողմից գրված ձեռագրից:

Հերացին լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժությանը` հոգեկան հիվանդությունների բուժման գործում մեծ տեղ հատկացնելով երաժշտությանը:

Մխիթար Հերացին նաև բժշկական հայերեն շատ տերմինների հեղինակ է: Նրա ստեղծած տերմինների զգալի մասը մինչ օրս կիրառվում է: Տեղին է հիշատակել նաև, որ նա իր աշխատությունը գրել է ոչ թե գրաբար, այլ միջին հայերենով, որ հասանելի լինի նաև հասարակ բնակչությանը: Դա բավական առաջադեմ քայլ է եղել այդ ժամանակների համար:

«Ջերմանց մխիթարությունը» Հերացու միակ աշխատությունը չէր: Նա նաև գրել է աչքերի հիվանդությունների մասին` նշելով դրանց տեսակներն ու բուժման եղանակները: Բացի այդ գրել է դեղագիտական աշխատություն` «Ախրապատինը», որը, ցավոք, մեզ չի հասել: Հասել են միայն առանձին պատառիկներ, որոնցից կարելի է եզրակացնել Մխիթար Հերացու այդ աշխատության մեծ արժեքի մասին:

Նա կիրառել է բուժման համակցված մեթոդիկա՝ դեղորայքային, սննդային և ֆիզիկական: Վերջինիս մեջ մտնում էր լոգանքը սառը ջրով, մերսումը, առհասարակ՝ առողջ ապրելակերպը:

Հերացու աշխատություններից ոչ մեկն ամբողջական չի պահպանվել: Մեզ են հասել միայն առանձին հատվածներ:

Մխիթար Հերացու մասին Ներսես Շնորհալին գրում է, որ նա նաև աստղագետ է: Ցավոք, պատմությունը ոչինչ չի ավանդել Հերացու աստղագիտական աշխատություններից կամ ուսումնասիրություններից, բայց այն, որ նա զբաղվել է այդ գիտությամբ, հստակ է, քանզի ինչպես գրում է Շնորհալին, Մխիթար Հերացին կաթողիկոսին նվիրել է պոեմ՝ «Երկնքի և նրա լուսատուների մասին»:

Անվանի բժշկապետը մահացել է մեծ հասակում 1200թ.-ին: Նա հայկական դասական բժշկության հիմնադիրն է դարձել ու սերունդներ կրթել իր աշխատություններով: Նրա գործը տասնյակ բժշկապետեր են շարունակել Հայաստանում, որոնց մեջ ամենաանվանիներից է Ամիրդովլաթ Ամասիացին:

Մխիթար Հերացու անունով ՀՀ-ի տարբեր քաղաքներում անվանակոչվել են փողոցներ սահմանվել է Մխիթար Հերացու անվան շքանշան: