Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մեր մեծերը»-ը շարքի անդրադարձը՝ Քաղաքային առաջին հիվանդանոցն ու առողջարանները

«Մեր մեծերը»-ը շարքի անդրադարձը՝ Քաղաքային առաջին հիվանդանոցն ու առողջարանները

«Հերացի» վերլուծականը, շարունակելով «Մեր մեծերը» շարքը, պատմական էքսկուրս է կատարել դեպի 18-րդ դարաշրջան՝ Երևան քաղաքում ձևավորվող բժշկության ակունքներ:

Պարսկական տիրապետության շրջանում քաղաքում առողջապահական ոչ մի հաստատություն չի եղել՝ ոչ հիվանդանոց և ոչ էլ նույնիսկ դեղատուն, չնայած 18-րդ դարում հայկական բժշկությունը եվրոպականի ազդեցությամբ և ավանդույթների հիման վրա բավական զարգացել էր։ 18-րդ դարի բազմաթիվ հայ բժիշկներից մի քանիսը բավական հայտնի են եղել։ Նրանցից երկուսի գործունեությունը կապված է Երևանի հետ։ Մեկը գրականության մեջ հիշատակվում է Հարություն անունով, մյուսը՝ Թաթուլ։

Սակայն նրանք չունեին համապատասխան բուժական հիմնարկներ և, բնականաբար, չէին կարող նույնիսկ նվազագույն չափով կազմակերպել բնակչության բուժսպասարկումը, ուստի բնակիչների բուժօգնությունը կազմակերպվում էր նրանց իսկ տանը:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, հատկապես՝ 1829-30թթ. համաճարակային հիվանդությունների ժամանակ, Կովկասի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը հայտնի է դառնում, որ հայկական մարզում տեղավորված զորամասերը և վարչական աշխատողները չեն կարող դիմանալ առանց դեղատան։

Պասկևիչը հատուկ գրությամբ ներքին գործերի նախարարին համոզում է Անդրկովկասի մի շարք քաղաքներում զինվորական դեղատներ բացել։ Մեկն էլ տրվում է Երևանին, որը բացվել է 1830թ. վերջին և սպասարկել է նաև քաղաքացիներին։

Երևանի առաջին հիվանդանոցը եղել է զինվորական, որը ստեղծվել է Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Այն գտնվում էր բերդում և զբաղեցնում էր Հուսեյն խանի նախկին հարեմի շենքը։ Ամեն տարի այն սպասարկում էր ավելի քան 1.5 հազար զինվորականի և աշխատել է մինչև 1860-ականները։

Բերդը վերացնելուց հետո Երևանում հիվանդանոցն այլևս չի հիշատակվում։

Ժամանակի ընթացքում բացվում են առողջապահական հիմնարկներ, սակայն դրանք այնքան քիչ էին և այնքան աղքատիկ, որ ի վիճակի չէին նվազագույնս բավարարելու բնակչության պահանջները։

1880թ. եռանդուն գործունեություն է ծավալում քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա առաջարկով Երևանում հիմնվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որին հանձնարարվում է զբաղվել առողջապահական պայմանների բարելավմամբ։ Լ. Տիգրանյանի նախաձեռնությամբ՝ 1881թ. սկսվում է հրատարակվել «Առողջապահական թերթ» ամսագիրը։

Քաղաքի սանիտարական պայմանները զգալիորեն բարելավվում են 1890-ականների վերջից։ 20-րդ դարասկզբին Երևանում արդեն կային մի քանի բուժարաններ՝ քաղաքային հիվանդանոցը, ակնաբուժարանը, հոգեբուժարանը և բանտին կից հիվանդանոցը։

Ամենախոշորը, մշտականը և նշանավորը քաղաքայինն էր, որը կառուցվել էր հայտնի գործարար Վասիլի Շուստովի կողմից քաղաքին անհատույց նվիրված սեփական հողատարածքում, նախկին՝ Աստաֆյան, ներկայիս՝ Աբովյան փողոցում:

1914-ին տեղի է ունենում առաջին մասնաշենքի հիմնարկեքը։ Առաջին աշխարհամարտի տարիներին կառուցվում է նախատեսվող 6 մասնաշենքից միայն մեկը։ 1917-ին, երբ երկհարկանի, սյունազարդ, սև տուֆից կառույցը պատրաստ էր շահագործման, վերածվում է Կովկասյան ռազմաճակատի զինվորական հոսպիտալի։

1919թ. Թիֆլիսից Երևան է տեղափոխվում հայտնի բժիշկ Գրիգոր Արեշյանը։ Նրա գործուն մասնակցությամբ էլ նույն թվականին պաշտոնապես բացվում է Երևանի քաղաքային առաջին հիվանդանոցը։

Պացիենտը քաղաքային հիվանդանոցում բուժվելու համար ամսական վճարում էր 15 ռուբլի։ Հիվանդանոցում կար 12 մահճակալ, որից 7-ը տղամարդկանց բաժնում էր, 5-ը՝ կանանց։ Այս ժամանակաշրջանում քաղաքում հիշատակվում է մասնավոր 2 հիվանդանոց՝ վիրաբույժ Հովհաննիսյանին և բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին պատկանող։

Վիրաբույժ Հովհաննիսյանի հիվանդանոցը մայրաքաղաքի «ողջ մնացած» հազվագյուտ շենքերից մեկի տարածքում է եղել տեղակայված, այն է՝ Աբովյան 3 հասցեում տեղակայված հենց իր՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տունը, որն առավել հայտնի է որպես «ԱՕԿՍ-ի շենք»: 1944 թվականից ի վեր այստեղ է գտնվում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը։ Շենքը կառուցվել է 1915 թվականին՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով։ 1911-ին Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի կենտրոնում վարձակալել էր մի սեփական տուն և բացել քաղաքի առաջին՝ 10 մահճակալ ունեցող մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը։

1915 թվականին բժիշկը իր հիվանդանոցը տեղափոխել է Աստաֆյան 39 հասցեում գտնվող նորակառույց երկհարկանի տան առաջին հարկը։ Երկրորդում բնակվել է ինքը՝ ամուրի բժիշկը։ Հիվանդանոցը ունեցել է վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունքներ։ Հարություն Մինասյանն ասում է, որ այն համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհիմնարկը։ 1923-ին հիվանդանոցը և շենքը բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից։

Շենքում 1923-44թթ. գործել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ ինչպես ժողովուրդն էր անվանում «Մալարիայի հիվանդանոցը», որտեղ աշխատել են հայ բժշկության բազմաթիվ երախտավորներ, որոնք մեծ դեր են խաղացել մալարիայի և այլ տրոպիկական հիվանդությունների վերացման հարցում։

Երևան քաղաքի մեկ այլ մասնավոր հիվանդանոց է եղել Աբովյան փողոցի 1/1 հասցեում գտնվող բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանի բնակելի տունը և բուժարանը։

Ըստ 1896թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տունը նախապես պատկանել է Գևորգ և Օհան Դիլանյան եղբայրներին։ Ունեցել է հետևյալ սահմանները՝ արևելքից Խոսրովյանի տունը, արևմուտքից և հյուսիսից՝ Հ. Գրիգորյանի տունը, հարավից՝ Աստաֆյան փողոցը։ Այն մի հարկանի էր, կառուցված տուֆ քարից։

1909թ. ապրիլին Դիլանյան եղբայրները տունը վաճառել են Մաթևոս Սանագյանին, ով էլ իր հերթին 1910-ին այն վերավաճառել է բժիշկ, մասնավոր հիվանդանոցի տեր Արամ Տեր-Ավետիքյանին։ Վերջինս 1912-1914թթ. կառուցել է տան երկրորդ հարկը։

Հիվանդանոցը եղել է հին Երևանի երկու խոշոր մասնավոր բուժարաններից մեկը։ Արդեն իսկ 1911թ. թերթում հայտարարություն է եղել մշտական մահճակալներով հիվանդանոցի մասին։ Այստեղ թվարկվում են բժշկական ծառայությունները, որոնք մատուցում էր բարձր որակավորում ունեցող բժիշկների անձնակազմը, ի դեպ՝ միաժամանակ ունենալով սեփական բժշկական կաբինետներ իրենց տներում։ Բացի Ա. Տեր-Ավետիքյանից (ներքին և նյարդային էլեկտրոթերապիա), այստեղ աշխատում էին Խ. Ավետիսյանը (մանկական հիվանդություններ, քիթ, կոկորդ, ականջ), Ա. Տեր-Գրիգորյանցը (կանացի խնդիրներ, մանկաբարձություն և խորհուրդներ երեխաների կերակրման հարցերով), Կ. Տեր-Մարուքյանը (մանկական և ներքին հիվանդություններ), Ա. Մելիքյանը (վեներական և միզասեռական հիվանդություններ), Ի. Տեր-Միքաելյանցը (վիրաբուժության գծով), Ա. Զարեմբան (ակնաբուժական հարցերով), Մ. Մարգարյանը (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ): Քաղաքային մասնավոր բժշկական հաստատություններից Ա. Տեր-Ավետիքյանի հիվանդանոցն ամենահայտնիներից էր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ աշխատել է Կարմիր խաչի ընկերությունը, իսկ 1921թ. մարտի 20-ից մինչև ապրիլի 19-ը այս տանն ապրել է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որը Երևան էր ժամանել Թիֆլիսից