Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել

Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել

Պատերազմական պայմաններում, թե խաղաղ օրերին բժիշկը մարտիկ է, որը պայքարում է հիվանդի կյանքի ու առողջության համար: Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ապագա բժիշկներ կամավոր կամ ծառայության բերումով մեկնեցին առաջնագիծ՝ մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքի նվիրումի և անմնացորդ ծառայության համար ՀՀ ԱՆ պատվոգրի է արժանացել նաև ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Վահե Գրիգորյանը: 

Նա 2019 թվականից Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում աշխատում է որպես բուժակ: Պատերազմի հենց սկզբից առաջարկ եղավ շտապօգնության բժիշկների խմբի հետ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար մեկնել ռազմաճակատ:

Քարվաճարի շրջանի Չոփռլու կոչվող տարածքում ձևավորվել էր  դաշտային հոսպիտալ, որտեղ տեղափոխում էին դիրքերում վիրավորում ստացած զինվորներին:  

Առաջնագիծ մեկնած շտապօգնության բժիշկների խումբը կատարում էր իր առջև դրված խնդիրը՝ ելնելով օպերատիվ իրավիճակից:

Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքները բավարար էին վիրավորներին առաջին բուժօգնություն տրամադրելու համար: «Որպես ապագա բժիշկ ամեն փրկված կյանքի հետ ավելի էի հասկանում, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Այս պայմաններում բուժօգնություն ցուցաբերելիս հաջողվեց փրկել շատերին…»,- ընդգծում է սովորողը: Նա վստահ է, որ բժիշկը պետք է արագ և ճիշտ կողմնորոշվի, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար:

Վահեն ասում է՝ օգնելու զգացումը կրկնապատկվում էր, երբ հասկանում էր, որ վիրավորում ստացածն իր տարեկիցն է կամ տարիքով ավելի փոքր:

Խոսելով պատերազմական օրերին իր կատարած աշխատանքի մասին՝ ապագա բժիշկն առանձնակի հպարտությամբ է նշում ավագ ընկերոջ՝ Ծովագյուղի ամբուլատորիայի տնօրեն, թերապևտ, փորձառու բժիշկ Վիգեն Մկրտչյանի մասին: 

Վահե Գրիգորյանը շեշտում է, որ իր մասնագիտական կայացման ճանապարհին մեծ դերակատարում են ունեցել նաև Սևանի բժշկական կենտրոնի Վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռաֆայել Սարգսյանը և Թերապիայի բաժանմունքի վարիչ Գևորգ Ստեփանյանը: