Բժշկական մայր բուհի բազմաթիվ ուսանողներ պատերազմական օրերին համալրելով սպիտակ բանակի շարքը, մեծ պատասխանատվությամբ էին կատարում իրենց առջև դրված խնդիրները:
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Սրտաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Նորիկ Բազիկյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից որպես շտապբուժօգնության ծառայության սրտային-վերակենդանացման բժիշկ մեկնել է Արցախ՝ ծանր վիրավորում ստացած զինծառայողներին Հայաստան տեղափոխելու համար:
«Մասնակցել եմ Ստեփանակերտից և սահմանամերձ շրջաններից վիրավորների տեղափոխմանն ու բուժօգնության ցուցաբերմանը: Պատերազմում տեսական գիտելիքները գործնական դարձան, սովորեցինք կողմնորոշվել և ծայրահեղ իրավիճակներում կայացնել ճիշտ որոշումներ»,-նշում է կլինիկական օրդինատորը:
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ առաջին հերթին մեծանում է հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը։
ԵՊԲՀ սովորողն ինվազիվ սրտաբան դառնալու որոշում կայացրել է դեռ դպրոցական տարիքից. «Այդ որոշմանը նպաստել է պապիկս։ Ներկայումս աշխատում եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում որպես սրտաբան»։
Ապագա մասնագետի խոսքով՝ բժիշկ դառնալու համար մասնագիտական գիտելիքներից զատ անհրաժեշտ է մարդասիրություն, սթափ դատողություն, արագ կողմնորոշվելու ունակություն և մշտապես սովորելու ձգտում:
Ամեն օր նա ականատես է լինում մարդկանց օգնելու, նրանց կյանքը փրկելու բժշկական մեծ թիմի աշխատանքին՝ իր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն ունենալով ԵՊԲՀ կլինիկական բազա հանդիսանող սրտաբանական դարբնոցի առաջընթացին։