Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում ստացած գիտելիքների զինանոցը Գոռ Գևորգյանին պետք եկավ պատերազմում

Բժշկական բուհում ստացած գիտելիքների զինանոցը Գոռ Գևորգյանին պետք եկավ պատերազմում

Պատերազմի ևս մեկ մասնակից, մերօրյա հերոս Գոռ Գևորգյանը, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Ընտանեկան (ընդհանուր) ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատորը, պատերազմի թեժ օրերին Ստեփանակերտի, Արցախի հոսպիտալներից վիրավորներ էր տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Կլինիկական օրդինատորը զինվորական ծառայությունն անցել է Եղնիկների զորամասում 2018-ից մինչև 2020 թվականի հուլիս:  Ծառայության ընթացքում ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում գործուղվելով Երևան Գոռը դասընթացներ է անցել՝ հարստացնելով ռազմական գիտելիքները: Երկու եղբայրները ևս պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էին Արցախում: Եղբայրներից մեկը Մարտակերտում էր, մյուսը՝  Քարվաճառում:

Գոռի ծառայության ավարտից մոտ երկու ամիս է անցնում`պատերազմի լուրը լսելով նա կամավորագրվել է՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից համակարգվող կամավորական խմբին, որն աջակցում էր Արցախից Հայաստան տարբեր ծանրության վնասվածքներ ստացած վիրավորներին տեղափոխելու աշխատանքներին:

«Մեկնելիս գերադասում էի օգնություն ցուցաբերել հոսպիտալում, քանի որ այնտեղ կար բուժանձնակազմի կարիք : Մենք հաճախ գիշերում էինք հենց այդ հոսպիտալների բունկերներում»,- պատմում է սովորողը:

Պատերազմի վերջին օրը 15 վիրավոր զինվոր է տեղափոխել 1 մեքենայով: Իր անձնական արխիվում արդեն պատմական նշանակության լուսանկարներ ու տեսանյութեր է պահպանում, որպես տխուր, բայց միասնական օրերի վկայություն:  Պատահական լուսանկարներից մեկն արված է Ստեփանակերտի հոսպիտալի բունկերում:

«Վիրավորումը տղայի մոտ գլխի գագաթային շրջանում էր: Բժիշկներից մեկին էի օգնում, երբ ռացիայով կապ տվեցին` նրան կանչելով վիրահատարան, բժիշկն արագ ինձ տվեց կարգադրությունները, փոխանցեց լանցետը: Վարորդին խնդրեցի լույս պահել, բժիշկը կողքիս չէր արդեն: Այդ պահին վիրահատելիս, ինձ շատ օգնեց անցած տարիների սովորածը: Դրա համար անչափ շնորհակալ եմ ինձ կրթած, գիտելիքների փոխանցած մասնագետներին: Կտրվածք կատարեցի, մշակեցի վնասված մակերեսը և հեռացրեցի բեկորը: Ամեն բան ճիշտ էր արված, դա հետո փաստեցին նաև բժիշկները: Նման իրավիճակներն անփուսափելի են պատերազմում»,- հիշում է Գոռը, որը յուրաքանչուր վիրավոր զինվորի, որին տեղափոխել է Երևան, միշտ այցելել է, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար Գոռ Գևորգյանն արժանացել է ՀՀ ԱՆ պատվոգրի:

Ստոմատոլոգիան ընտրել է` հետևելով պապիկի օրինակին: Պատերազմի մասնակից ապագա նեղ մասնագետըն այժմ վիրավոր զինվորների հետ է աշխատում՝ աջակցելով նրանց ատամնաբուժական խնդիրների լուծմանը:

Բուժառուների գոհունակությունը երիտասարդ հերացիականի համար ամենամեծ գնահատականն է բժշկության բնագավառում: