Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հրանտ Մաճկալյանը սահմանամերձ ծննդավայրը զարգացնելու ապագայի մեծ ծրագրերով է սովորում բժշկական մայր բուհում

Հրանտ Մաճկալյանը սահմանամերձ ծննդավայրը զարգացնելու ապագայի մեծ ծրագրերով է սովորում բժշկական մայր բուհում

Ապագա բժիշկ Հրանտ Մաճկալյանն Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրը նա դիմել է զինկոմիսարիատ և կամավոր մեկնել Տավուշի մարզ՝ հնարավոր վտանգի, սպառնալիքի դեպքում պաշտպանելու Ադրբեջանի հետ պետական սահմանի անվտանգությունը։ Հրանտի հետ միասին սահման՝ մարտական դիրք կամավոր ծառայության են մեկնել նաև երկու եղբայրները։ Նրանցից Հրաչյա Մաճկալյանը ևս ԵՊԲՀ ուսանող է, ապագա ստոմատոլոգ:  

«Խնդիր առաջացավ, որ պետք է կամավորագրվենք և մեկնենք Արցախ, ես գիտակցում էի, որ կապ չունի՝ Տավուշում, թե Արցախում, երկուսն էլ մեր հայրենիքի սահմանն են, բժիշկ ես, թե զինվոր, պետք է պատրաստ լինես պայքարելու հանուն հայրենիքի պաշտպանության և փրկության։ Կարևոր չէ՝ կես սանտիմետր այս կողմ ես, թե հարյուր կիլոմետր այն կողմ, կարևորն այն գաղափարն է, որի գիտակցությամբ մեկնում ես կռվելու։ Իհարկե, բոլորիս ընտանիքներում  սպասողներ կան, բայց իմ պատկերացմամբ յուրաքանչյուրը պետք է այնքան հայրենասեր լինի, որ պատերազմի ժամանակ մի քիչ կոշտ ձևակերպմամբ «մթագնի գիտակցությունը», որ պայքարի ժամանակ մտածեն միայն հայրենիքը փրկելու առաքելության մասին»,- նշում է Հրանտ Մաճկալյանը։

 Տավուշցի եղբայրները մարտական հերթապահության ընթացքում ձեռք են բերել նոր ընկերների, անհրաժեշտության դեպքում տղաներին ցուցաբերել են բուժօգնություն, գրեթե հոսպիտալ տեղափոխվելու անհրաժեշտություն այդ օրերին չի առաջացել։ Հրանտ Մաճկալյանը մասնակցել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։ Ծնունդով Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։

«Ես կցագրված էի զինվորական հոսպիտալին, բայց, քանի որ այդ օրերին արդեն իսկ հոսպիտալը ծավալվել էր, մենք մնացինք մարտական դիրքում»,-պատմում է Հրանտը։ Նա խոստովանում է, որ դեռ փոքր տարիքից մարդկանց օգնելու ցանկությունը մեծ է եղել։

«Երբ դեռ երեխա էի, որոշել էի վարորդ դառնալ, բայց հետո մտածեցի՝ բժշկի մասնագիտությամբ ավելի շատ կարող եմ օգտակար լինել մարդկանց և այդպես էլ վարվեցի»,-անկեղծանում է տավուշցի երիտասարդը։

Երկու դեպքում էլ, ըստ Հրանտ Մաճկալյանի, մեծ է պատասխանատվությունը մարդկանց կյանքի անվտանգության ապահովման հարցում։ Հրանտ Մաճկալյանը բժշկական մայր բուհում սովորում է՝ ապագայի կարևոր նպատակը մտքում․ ավարտելուց հետո սահմանամերձ իր մարզում զարգացնել բժշկությունը, առողջապահական համակարգը։

 «Որ բնակիչները, երեխաները ժամանակին ստանան բժշկական օգնություն, ստեղծվեն կրթական ծրագրեր, իրազեկման աշխատանքներ իրականացվեն բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ անտարբեր չլինեն իրենց առողջության հանդեպ և ինչպես ասում են՝ բժշկի չդիմեն այն ժամանակ, երբ «դանակը հասնի ոսկորին»։ Ծրագրերս շատ են՝ ընդհուպ Տավուշում  հիվանդանոցի ստեղծումը»,-մանրամասնում է Հրանտ Մաճկալյանը։ Ապագա բժիշկը, հավանաբար, կընտրի նյարդավիրաբույժի նեղ մասնագիտացումը։ Պատերազմն ապագա բժշկին մտորելու առիթ է տվել:

 «Բժիշկներն ամեն օր են կռվում, պայքարում, ամենօրյա պատերազմի մեջ են ՝ մարդկանց կյանքերի փրկության համար»,-նշում է ապագա բժիշկը։

Բժշկի, զինվորի համար երեք հիմնական կարևոր բնութագրիչ է առանձնացնում՝ հայրենասիրություն, պատասխանատվություն և անվախություն, քաջություն։

«Հոգևոր արժեքներն են կարևորը, որոնք ամրացնում են մարդկանց, դրանք երբեք չեն «կոտրվում»: Բժշկի կյանքում ևս շատ կարևոր են այդ արժեքները, որ երբեք չկոտրվի մարդու կամքը։ Հայրենասեր, կարծում եմ, չեն դառնում, ծնվում են այդ գաղափարի սաղմը կրելով իրենց մեջ, որին ևս պետք է մեծացնել և դաստիարակել, որին ևս պետք է կրթել գիտակացաբար։ Կարծում եմ՝ պետք է օգնենք մեր ենթագիտակցությանը ճիշտ արժեքներ ձևավորելու համար»,-նշում է Հրանտ Մաճկալյանը։

Բժշկությունն, ըստ Հրանտի, մեծ, հետաքրքիր աշխարհ է։ Ապագա բժշկի նպատակն այս ոլորտում հայտնագործություն, բացահայտում կատարելն է։

«Իրոք հայտնագործություն, ոչ թե բիզնես։ Ուզում եմ բացահայտել հիվանդության հիմքերը։ Բժշկության մեջ շատ հարցեր կան, որ կցանկանայի գտնել պատասխանները»։ Հրանտ Մաճկալյանը որոշել է շարունակել հետբուհական կրթությունը՝ ձեռք բերելով մի քանի նեղ մասնագիտացում: