Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյան

Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։ Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։

2015 թվականին ընդունվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետ։ Մեկ տարի անց փոխել է ֆակուլտետը և ուսումը շարունակել Ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Նպատակ ուներ դառնալ ստոմատոլոգ՝ շարունակել իր երջանկահիշատակ հայրիկի գործը։ Տան միակ տղան էր, ուներ ավագ քույր։

«Շատ բարի, հոգատար, խաղաղասեր ու մարդասեր ընկեր էր։ Այս տեսակ մարդ գտնելը մեր օրերում շատ դժվար է, իսկ այդպիսի ընկեր ունենալն արդեն մեծ բախտավորություն։ Սովորելու հետ զուգահեռ ակտիվ ուսանողական կյանք էր վարում։ Միասին կազմակերպել և մասնակցել ենք տարբեր ուսանողական միջոցառումների»,-պատմում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Ստյոպա Ասրյանը, ով Արտյոմի հետ սովորել է երեք ու կես տարի՝ մինչև չորրորդ կուրսի կեսը։ Նրա խոսքով՝ Արտյոմն անհամբերությամբ էր սպասում ծառայությունից վերադառնալուն, որպեսզի միասին իրականացնեին հզոր համալսարան ունենալուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում բժշկականը։ Ընկերներին խոստովանել է, որ կարոտել է համալսարանի հետ կապված ամեն ինչ։ «Հաշվի առնելով իր խառնվածքն ու բնավորությունը՝ վստահ կասեմ, որ բժշկի մասնագիտությունն ամբողջությամբ իր համար էր»,- նկատում է Ստյոպա Ասրյանը։ Արտյոմ Առաքելյանը բանակ զորակոչվել էր 2020 թվականի ձմռանը։ Ծառայում էր Մատաղիսում։ Բավականին կարճ ժամանակում հարմարվել էր ծառայությանը, հիմնական ծառայակիցներն իրենից տարիքով փոքր էին։ «Պատերազմական գործողությունների ժամանակ՝ Մատաղիսից տեղափոխվել են, բայց մեզ տեղը չէր ասում։ Միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք։ Վերջինն ինձ հետ է հեռախոսով խոսել՝ հոկտեմբերի 20-ին։ Ասաց նորից տեղափոխվում են, հնարավոր է կապ չլինի»,- նշում է համակուրսեցին։ Այդ օրվանից հետո մեկ շաբաթ չի զանգահարել։ Կարճ ժամանակ հետո տեղեկացել են, որ Արտյոմ Առաքելյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին։

Ծառայության ընթացքում երիտասարդ մարտիկը հասցրել է աչքի ընկնել հերոսությամբ՝ խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը։ Հոկտեմբերի 31-ին մեր օրերի հերոսը կդառնար 23 տարեկան։ Շատ էր սպասում այդ օրվան: Պատերազմից առաջ հույս էր հայտնել, որ այդ օրը արձակուրդում կլինի և ընկերների հետ կնշի ծննդյան տարեդարձը։