Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Էմիլ Մարտիրոսյան

«Մերօրյա հերոսները». Էմիլ Մարտիրոսյան

Հետմահու գրված բազմաթիվ տողերն առաց հուզմունքի կարդալը բարդ է: Բոլոր գրառումներն էլ հպարտության և լուսավորության որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, քանի որ նա ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր: Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը: «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»,- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Էմիլ Մարտիրոսյանը սիրում էր մեջբերել ռազմաքաղաքական անվանի գործիչ Գարեգին Նժդեհի այս խոսքերը:  

Հարազատների բնորոշմամբ՝ Էմիլը սիրում էր կյանքը: Նրա համար կյանքը ինքնին ամենալավ բանն էր, որը կարող էր լինել։

Ապագա բժիշկ-մարտիկը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին, Արտաշատում: Երկու քույրերի փոքր եղբայրն ու հայրենիքի պաշտպանը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին,  զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում:  Շատ ժամանակ չէր  անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Էմիլը զոհվում է հոկտեմբերի 1-ին զինվորական պարտքը կատարելիս:

«Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև  Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին: Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու:  Բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

Էմիլը ծնողասեր զավակ էր, հոգատար ընկեր և եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում և իր զորամասն ամենալավերից է: 

«Մարդկային տեսակն էր այդպիսին. թույլին կարեկցող էր և սատարող, անարդարությունը՝ չհանդուժող:  Հպարտությամբ էր կրում զինվորական հագուստը: Պատերազմի մեկնարկից երեք օր անց զանգահարեց. վերջին խոսակցությունն էր: Կարևորը ձայնը լսեցինք և հանգիստ էինք: Նա այդպես էլ չհասցրեց իմանալ, որ մեծ քույրն իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 19-ին»,- նշում է Մարիամը: 

«Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»:  Միասին հասցրեցինք սովորել  ընդամենը մեկ տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը:

Երբեք չենք մոռանա ձեր կատարած սխրանքը, մեր կյանքի համար պարտական ենք ձեզ:

 

 Լուսանկարները՝  ընտանիքի և ընկերների արխիվից