Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Հարություն Թիլիքյան

«Մերօրյա հերոսները». Հարություն Թիլիքյան

Ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը` նշանակում է ամուր կապերով կապվել հայրենիքին ու ծառայել բժշկի և սպայի կոչմանը հավատարիմ: Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Հարություն Թիլիքյանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացվող պատերազմի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում, սահմանին կանգնեց որպես զինվոր` չմոռանալով նաև այն առաքելությունը, որը կոչված է` օգնել բուժօգնության կարիք ունեցող զինակից ընկերներին, փրկել կյանքեր ու զոհել կյանքը` հանուն հայրենիքի և հանուն կյանքերի: 

Մերօրյա հերոսը ծնվել է 1998թ.-ի ապրիլի 18-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող Հարությունն ընտրեց  բժշկությունը: Պատահական չէր, որ որոշեց  ծառայել կրկնակի՝ զինվորականի և Հիպոկրատի երդման ներքո: 

Թե ինչպես է Հարություն Թիլիքյանն ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը, պատմում է քույրը` Մարիցան. «Եղբայրս սկզբունքորեն դեմ էր հայրենիքից հեռանալուն, չէր պատկերացնում ապագան Հայաստանից հեռու, և դա էր այն պատճառներից մեկը, որ ընդունվեց Ռազմաբժշկական ֆակուլտետ՝ իր կյանքը կապելով հայրենիքին»:

Քրոջ խոսքով՝ անմահացած եղբայրը լավ օրինակ էր բոլորի համար. շրջապատում գնահատում էր ամեն ինչ՝ ուշադիր էր ցանկացած մանրուքի նկատմամբ: Սիրում էր արվեստը, ուներ երաժշտական կրթություն. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում՝ նվագում էր ջութակ, կիթառ, դաշնամուր, զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլ, շախմատ և այլն:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը, որը հայրենիքի պաշտպանության համար տվեց ամենաթանկը՝ կյանքը, որոշել էր ընտրել  ուռուցքաբանի մասնագիտացումը, ծառայել   հայրենիքում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: 

Մերօրյա հերոսը պատերազմի ամենաթեժ կետում բժշկի վարպետությամբ առաջին բուժօգնություն է ցույց տվել ու նպաստել վիրավորների՝ շարք վերադառնալուն:

Հարություն Թիլիքյանը 2020 թվականի հոկտեմբերի 2-ին զոհվել է Ջրականում արկի պայթյունից։  Նա համալրեց անմահացած հերացիականների շարքը: Զոհելով  կյանքը` նրանք ընդմիշտ կմնան բժշկական բուհի այն հերոսները, որոնք հպարտորեն տվեցին իրենց պարտքը հայրենիքին, բոլորը պարտք մնացին նրանց…