Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Պարույր Հակոբյան

«Մերօրյա հերոսները». Պարույր Հակոբյան

Բժշկի մասնագիտությունն ընտրած սովորողներն ու շրջանավարտները բժշկական բուհի մի մասնիկն են՝ ամուր կապերով կապված: Արցախյան վերջին պատերազմում զոհված Ստոմատոլոգիական ֆակուլտետի նախկին սովորող ավագ սերժանտ Պարույր Հակոբյանը ևս համալերց անմահացած հերացիականների շարքը:

Նա ծնվել է 1990թ. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում,  ծառայել է Արցախում, որից հետո` 2010 թվականին, անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետ: Պարույրը 2014 թվականին անձնական պատճառով ընդհատում է ուսումնառությունը, և որոշակի դժվարությունների պատճառով նրան չի հաջողվում կրկին վերադառնալ ակադեմիական միջավայր: Կուրսընկերները փաստում են, որ նա մշտապես ցանկացել է շարունակել ուսումը և մասնագիտանալ իր ընտրած ոլորտում: Բժշկի մասնագիտությունն ընտրած Պարույրն իր ուղին շարունակում է ՀՀ զինված ուժերում. 2017 թվականից 3 տարի ժամկետով պայմանագրային ծառայության է անցնում Արցախի ՊԲ Մարտակերտի N զորամասում: 2020 թվականի մայիսին նա կրկին երկարացնում է պայմանագիրը՝ նույն զորամասում շարունակելով ծառայել հայրենիքին:

Նախկին համակուրսեցի, մտերիմ ընկեր Արամ Հակոբյանը պատմում է, որ Պարույրն առանց վարանելու կանգնել է հայրենիքի սահմանները պաշտպանող զինակից տղաների կողքին՝ կատարելով մասնագիտական և հայրենքի առաջ իր պարտքը:

«Պատերազմի օրերին էլ, չնայած նրան, որ կրթությունը կիսատ էր թողել «դոկտոր» էին անվանում, քանի որ բացի զինվորական ծառայությունից նաև շատ ու շատ վիրավորների է բուժօգնություն ցուցաբերել»,- նշում է ընկերը՝ ավելացնելով, որ Պարույրը լինելով տարիքով ավելի մեծ՝ իրենց շրջապատի շարժիչ ուժն էր, մեծ ձգտում ուներ և ամեն ինչում փորձում էր լավը տեսնել:

Արամն ընդգծում է, որ պատարազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ,  ընկերը մասնագիտական դաշտում էլ ծրագրեր էր նախանշել: «Պարույրը՝ Պաշը, ինչպես մենք իրեն անվանում էինք, իրական հերոս է: Մարտի դաշտում էլ իր զինակիցները աներևակայելի քաջագործությունների մասին են պատմում, ինչը շատ բնորոշ էր նրա էությանը»,- ասում է ընկերը՝ ԵՊԲՀ շրջանավարտ Նարեկ Հարությունյանը՝ հավելելով, որ զոհված ընկերոջ մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ նա լավ մարդու իրական օրինակ էր:

Զինակիցներն առ այսօր պատմում են Պարույրի նվիրվածության ու հայրենասիրության մասին: Դրա վառ ապացույցը նաև մեր օրերի հերոսի զոհվելու հանգամանքներն են: Լսելով ընկերոջ վիրավորվելու մասին լուրը՝ Պարույրը օգնություն ցուցաբերելու նպատակով հոկտեմբերի 29-ին առավոտյան ուղևորվում է վիրավոր ընկերներին դուրս բերելու, սակայն, ավաղ, զոհվում է անօդաչու թռչող սարքի հարվածից:

Պատերազմից երեք ամիս անց՝ հունվարի 21-ին, հաստատվում է Պարույր Հակոբյանի զոհվելու փաստը:   

Խոնարհվում ենք զոհված հերոսների հիշատակի առաջ: