Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Վահե Ղարիբյան

«Մերօրյա հերոսները». Վահե Ղարիբյան

Վահե Ղարիբյան… Արցախյան անհավասար գոյամարտում հերոսաբար զոհված բժիշկ-դեղագետ…

32-ամյա Վահեն առաջին հայացքից սովորական բժիշկ էր, որն առաջնագծում փրկեց 40-50 վիրավոր զինվորի կյանք: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ էր:

Պատերազմի ընթացքում Վահեն Ջրականի (Ջաբրայիլ) զորամասերից մեկի դեղագետն էր: Բանակ զորակոչվել էր երկու տարի առաջ և ծառայում էր Ագարակի զորամասում: Սակայն պատերազմի սկսվելուն պես՝ արդեն սեպտեմբերի 28-ին, շտապել էր առաջնագիծ՝ փոխարինելու Ջրականի բժիշկ-գործընկերներին:

Վահեի ընկերը՝ Նարեկ Ռեհանյանը, չի կարողանում համակերպվել ընկերոջ կորստի հետ. ասում է, որ Վահեի բացը երբեք ու ոչ ոք չի լրացնի: «Իմ ընկեր Վահեն հերոս է: Վախ չուներ. ասում էր. «Վախս Աստված է, ինչի՞ց վախենամ»: Կյանքի մարդ էր, ասող-խոսող, անկեղծ: Երկուսս էլ բժիշկ-դեղագետ ենք: Մենք միշտ միասին էինք: Մեր ընկերությանը շատերն էին նախանձում. իհարկե, երբեմն վիճում էինք, բայց շատ շուտ՝ հաշտվում», – հիշում է Նարեկը:

Վահեն զոհվել է արկի հարվածից հոկտեմբերի 5-ին, երբ անձնազոհաբար նետվել էր՝ փրկելու  18-ամյա վիրավոր զինվորի կյանքը: «Հրամանատարի հետ եմ խոսել, Վահեի հետ աշխատող բուժքույրը նույնպես պատմել է, որ 2 օր շարունակ վիրավորներ են տեղափոխել դիրքերից: Վահեն միշտ շտապում էր առաջնագիծ՝ վիրավորներին օգնելու: Երբեմն նույնիսկ չեզոք գոտիներում էր հայտնվում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Մի տղա կար, որի տեսողությունն էր վնասվել, ինձ ասում էր, որ ապրում է Վահեի շնորհիվ: Իսկ վերջին անգամ ընկերս, լսելով 18 տարեկան զինվորի օգնության ձայնը և մոռանալով ամեն ինչի մասին, գնաց՝ փրկելու ևս մեկ կյանք», – հպարտությամբ պատմում է Նարեկը: Փրկեց շատերի կյանքը, սակայն իրենը փրկել չհաջողվեց. Վահեն անմահացավ… Վիրավոր զինվորը, հանուն որի նա կյանքը զոհեց, այդ պահին փրկվեց, բայց մեկ շաբաթ անց նա էլ անմահացավ հոսպիտալում:

Վահեի խաչով թևկապը Նարեկը միշտ իր մոտ է պահում՝ որպես անմար հուշ հերոս ընկերոջից:

Շատ աշխատասեր էր Վահեն, շարունակում է ընկերը, սեփական դեղատնային ցանցն ուներ, զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ, մեծ այգիներ ուներ հայրենի Կարբի գյուղում: «Կյանքի կարևոր երազանքն արդեն իրականացել էր. մեծ սիրո վրա հիմնված ընտանիք ունի՝ հիասքանչ կին, որը նույնպես դեղագետ է, և հրաշք տղա՝ 1,8 ամսական Լևոնը: 2 ամիս էր մնացել զորացրվելուն, դեկտեմբերի 28-ին Վահեն պիտի զորացրվեր», – ասում է Նարեկը: Զորացրվելուց հետո ընկերոջն էր խոստացել օգնել դեղատնային ցանց բացելու գործում: «Բոլոր կարևոր որոշումներից առաջ միշտ Վահեի հետ եմ խոսել, իր խորհրդին եմ հետևել, որովհետև միշտ ճիշտ խորհուրդներ էր տալիս», – ավելացնում է Նարեկը:

Վահեի կինը՝ Հելեն Սայադյանը, ասում է, որ նրա մասին անվերջ կարելի է խոսել, թե՛ որպես սիրող ամուսին, թե՛ որպես հոգատար հայր: «Միաժամանակ հպարտ եմ, որ նա, իր կյանքը գիտակցաբար նվիրելով հայրենիքին, օրինակ դարձավ շատերի համար: «Մահ իմացյալ անմահություն է». այս տողերն ինձ համար այժմ, ավելի քան երբևէ, հասկանալի և առարկայական են: Ցանկանում եմ որդուս մեջ սերմանել այն բարձր և վեհ արժեքները, որոնք կրում էր իր մեջ հայրը՝ Վահեն», – ասում է հերոսի կինը:

Բարձր արժեքների տեր մարդ լինելով՝ Վահեն պարծանք էր բոլոր ընկերների ու հարազատների համար. վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

Անմահ հերոս Վահե Ղարիբյան… Խոնարհվում ենք…

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Լուսանկարները՝ Վահեի և ընկերների անձնական արխիվից

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper