Վիգեն Հովհաննիսյանը սովորում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Ծնվել է վիրաբույժի և տնտեսագետի ընտանիքում։ Դեռևս մանկուց հետարքրքված է եղել բժշկությամբ և անգամ փոքր հասակում ուսումնասիրել է բժշկական գրքեր և գործիքներ։
«Բժշկությունն ինձ ուղեկից է եղել դեռևս մանկուց: Այնուհետև, ընդունվելով դպրոց, սկսեցի մեծ հետաքրքրություն ցուցաբերել ռազմագիտության նկատմամբ։ Եվ որոշեցի համատեղել այս 2 չափազանց պատասխանատու մասնագիտությունները և ընտրեցի ռազմական բժշկի մասնագիտությունը: Ընտրեցի, հասկանալով, որ դա կփոխի իմ ամբողջ կյանքը»,-նշում է կուրսանտ, շարքային Վիգեն Հովհաննիսյանը։
Նա ընդգծում է, որ ունի բժիշկ ազգականներ և ռազմական գործիչներ, և նրանք ևս մեծ ազդեցություն են ունեցել բժշկի մասնագիտական ուղին ընտրելու՝ նրա որոշման վրա:
«Հայրս իր կյանքի մեծ մասը նվիրել է վիրաբուժությանը: 90-ականների Արցախյան առաջին պատերազմին կամավոր, որպես վիրաբույժ մեկնել է Արցախ։ 10-րդ դասարանում էի սովորում, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյան, տեսա դրա հետևանքները։ Սկսած այդ ժամանակվանից ավելի ու ավելի եմ համոզվում, որ ընտրել եմ կարևոր մասնագիտություն: Եթե նորից ընտրեի մասնագիտություն, վստահաբար, այն կլիներ դարձյալ բժշկությունը»,-ասում է ապագա ռազմական բժիշկը:
2020 թվականի պատերազմի ընթացքում նա սովորում էր 2-րդ կուրսում: Այդ օրերին գտնվել է հիվանդանոցում՝ օգնել «սպիտակ բանակին» բուժօգնություն ցուցաբերելու վիրավոր զինծառայողներին:
«Ինձ հետ, տարբեր հիվանդանոցներում և հոսպիտալներում եղել են իմ ընկերները։ Կային օրեր, որ ամբողջ ժամանակ անցկացրել ենք հիվանդանոցում: Սա ինձ համար դարձավ հնարավորություն կիրառելու երկամյա ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները»,-նկատում է Վիգենը:
Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը դպրոցում ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Բժշկական մայր բուհում ևս նա լավ է սովորում:
2022-2023 ուսումնական տարում նա «Մերուժան Ստեփանյանի անվան» անվանական կրթաթոշակի է արժանացել. «Իհարկե, անպասելի էր ինձ համար, բայց դարձավ շարժառիթ, որպեսզի ավելի կատարելագործվեմ և ուսման հանդեպ դրսևորեմ առավել մեծ պատասխանատվություն: Հպարտ եմ, որ հենց «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակառու եմ։ Սա ինձ պարտավորեցնում է բարձր պահել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունը, որը հերոսաբար զոհվեց 2016թ. ապրիլին Թալիշում: Նման հնարավորությունների ընձեռումը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում ուսանողների համար»:
Կուրսանտի խոսքով՝ համալսարանը տալիս է այն գիտելիքների հիմքը, որն անհրաժեշտ է լավ մասնագետ դառնալու համար: Նա, միաժամանակ, ընդգծում է, որ ամեն ինչ կախված է ուսանողից, կարևորում է ինքնակրթությունն ու ինքնազարգացմանն ուղղված անընդհատ աշխատանքը:
«Երեք տարի է, ինչ մասնակցում եմ բժշկական համալսարանում կազմակերպվող ծրագրերին և աշխատանքներին, սկզբում որպես մասնակից, հիմա որպես կազմակերպիչ։ Եվ կարող եմ փաստել, որ այն միջավայրը որտեղ ծավալում եմ գործունեությունը, որևէ այլ կազմակերպություն չի կարող ընձեռել»,- հավելում է Վիգեն Հովհաննիսյանը բացահայտելով նաև ապագա ծրագրերը: Պրակտիկ բժշկությունից բացի, մտադիր է զբաղվել գիտական և մանկավարժական աշխատանքով, կրթելով ապագա սերնդին՝ սերմանելով հայրենասիրություն։