Միջազգային վավերացում է ստացել ԵՊԲՀ «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ուսումնական ծրագիրը

Միջազգային վավերացում է ստացել ԵՊԲՀ «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ուսումնական ծրագիրը

Հանրային առողջության ֆակուլտետի կողմից իրականացվող «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը ստացել է ուսումնական ծրագրի միջազգային վավերացում՝ Հանրային առողջության կրթության հավատարմագրման գործակալության (APHEA-ի) կողմից։ Այս Գործակալությունը եվրոպական հեղինակավոր և միջազգային ճանաչում ունեցող անկախ կազմակերպություն է, որը գնահատում է հանրային առողջության կրթության որակը՝ հիմնվելով համաեվրոպական չափորոշիչների և լավագույն միջազգային փորձի վրա և Գործակալության կողմից իրականացված ուսումնական ծրագրերի վավերացումը հանդիսանում է բարձր վստահության ցուցիչ` կրթական բովանդակության որակի, կառուցվածքային ամբողջականության և ուսումնառության արդյունքների համահունչ լինելու առումով։

Այս ձեռքբերումը հանդիսանում է մեր համալսարանի կրթական քաղաքականության և որակի ապահովման համակարգի հետևողական և նպատակային աշխատանքի կարևոր արդյունք։ Ծրագրի վավերացումը հաստատում է, որ ծրագրի ուսումնական բովանդակությունը, կառուցվածքը, ուսումնառության արդյունքները, ինչպես նաև գնահատման և շարունակական բարելավման մեխանիզմները լիովին համապատասխանում են հանրային առողջության կրթության միջազգային չափորոշիչներին։

Վավերացված լինելը ծրագրին տալիս է մի շարք ռազմավարական առավելություններ։ Այն էապես բարձրացնում է ծրագրի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, նպաստում է համալսարանի միջազգային ակադեմիական ներկայության ընդլայնմանը, ինչպես նաև հիմք է ստեղծում նոր միջազգային համագործակցությունների, համատեղ կրթական նախաձեռնությունների և ուսանողների ու դասախոսների շարժունության ծրագրերի զարգացման: Այն նաև նպաստում է համալսարանի միջազգային հեղինակության և տեսանելիության ամրապնդմանը։

Միաժամանակ, այս վավերացումը զգալիորեն բարձրացնում է ծրագրի շրջանավարտների մրցունակությունը ազգային և միջազգային աշխատաշուկայում։ Սա կարևոր քայլ է նաև Հայաստանի Հանրապետության հանրային առողջապահական համակարգի համար՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ ներգրավվել առողջապահության քաղաքականության մշակման, համակարգի պլանավորման և կառավարման գործընթացներում: