ԵՊԲՀ ուսանողները ծանոթացան բուհի մասնակցությամբ իրականացվող արտալսարանային միջազգային կրթական ծրագրերին ու նախագծերին, գիտական ակումբների գործունեությանը, ինչպես նաև նրանց համար նախատեսված այլ միջոցառումներին։
Կարմիր դահլիճում անցկացված հանդիպմանը ներկա էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը, պետի տեղակալ Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։
Ընդգծելով արտալսարանային միջոցառումների կարևորությունը և ողջունելով դրանց մասնակցելու ուսանողների ձգտումը՝ Գայանե Ավետիսյանն ապագա բժիշկներին մաղթեց արդյունավետ աշխատանք։ «Ավագ ուսանողները կարող են կիսվել իրենց փորձով կրտսեր սովորողների հետ և ճիշտ ուղղորդել նրանց», – ավելացրեց նա։
Խաչատուր Մարգարյանը, վերհիշելով Օտարերկրացի ուսանողների խորհրդի ստեղծման պատմությունը, փաստեց․ «Սա ձեր կյանքի ամենագունեղ և ամենահզոր շրջանն է։ Երբեմն դուք ինքներդ էլ չեք գիտակցում, թե ինչպիսի մեծ փոփոխություններ կարող եք կատարել ուսանողական տարիների ընթացքում։ Հետևաբար շարունակեք աշխատել և հաջողություններ գրանցել»։
Ռահուլ Անիլ Սետհին ընդգծեց, որ ԵՊԲՀ դռները բաց են, իսկ հնարավորությունները՝ հավասար յուրաքանչյուր ուսանողի համար։ «Դուք պետք է ունենաք արժեքներ, լինեք խելամիտ և ազնիվ։ Շատ կարևոր է նաւ հավատարմությունը․ հավատարիմ եղեք մարդկանց, ինստիտուտին, կազմակերպությանը, որոնք այս կամ այն ներդրումն են ունեցել ձեր կյանքում», – ընդգծեց նա։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց կենտրոնի ընձեռած հետազոտական հնարավորությունները, գործունեության գլխավոր ուղղությունները, լաբորատորիաները, ուսանողների համար նախատեսված հետագա նախագծերը։
Տեղեկատվական հանդիպման շրջանակում ներկայացվեցին նաև «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի և Սրտաբանական միության գործունեության հիմնական նպատակներն ու ակադեմիական թիրախները։