Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում անցկացվեց Բեռնարդ Քուշների հանրային դասախոսությունը

Բժշկական բուհում անցկացվեց Բեռնարդ Քուշների հանրային դասախոսությունը

ԵՊԲՀ կարմիր դահլիճում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ կայացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպություննների համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Բեռնարդ Քուշների հանրային դասախոսությունը «Տեղական և գլոբալ ճգնաժամերի կառավարում» թեմայով:

Ելույթներով հանդես եկան նաև «Միջազգային համերաշխություն» բարեգործական կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և ֆրանսիացի գրող, «Ֆրանսիացի հետազոտողների միության» նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին:

Բեռնարդ Քուշները տեղեկացրեց, որ իր գլխավորած պատվիրակությունը կազմակերպել էր կարճատև այց Արցախ և Հայաստան՝ հայտնելու իր աջակցությունը հայ ժողովրդին: «Մենք ցանկանում ենք աշխատել հանուն խաղաղության: Քաղաքականությունը հեռու չէ բժշկությունից, իսկ բժշկությունը մոտ է քաղաքականությանը», – նշեց ֆրանսիացի բժիշկն ու դիվանագետը:

Ցուցադրվեց նրանց՝ Արցախ կատարած այցի մասին փոքրիկ տեսաֆիլմ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը պատմեց կառույցի ստեղծման դժվարին ճանապարհի, կատարված մեծ աշխատանքի մասին, ինչպես նաև Աֆղանստանում, Կենտրոնական Ամերիկայում, Ասիայում և աշխարհի այլ վայրերում իրականացված մարդասիրական գործողությունների մասին:

Ալան Բուանեի խոսքով՝ մարդասիրական ոլորտում կազմակերպությունը պահպանում է չեզոքություն և անկախություն: «Մենք բժշկական կազմակերպություն չենք, բայց շատ մոտ ենք բժշկական ոլորտին: Մեզ համար դա պայքար է, պատերազմ է մարդկանց մահվան դեմ», – ընդգծեց Ալան Բուանեն:

Պատրիս Ֆրանսեսկին, իր հերթին, նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և Արցախում:

Դասախոսության ավարտին հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին: