Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկության հանդեպ սերը հնդիկ ուսանողուհուն փոխանցվել է պապիկից

Բժշկության հանդեպ սերը հնդիկ ուսանողուհուն փոխանցվել է պապիկից

Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արուշա Շեկհերը վստահ է, որ մինչև կյանքի վերջ կապված  կլինի Երևանին՝ ձեռքում պահելով ԵՊԲՀ դիպլոմը, իսկ սրտում՝ ջերմ հիշողություններն ու փորձառությունը, որոնք հավաքել է այս տարիների ընթացքում: 

22-ամյա հնդիկ ապագա բժիշկը ծնվել է Բիհար քաղաքում, մեծացել և տարրական կրթություն ստացել՝ Նյու Դելիում և Հարյանայում։ 

«Դպրոցական տարիներին սիրում էի վազել, մի քանի մրցույթում նույնիսկ հաղթել եմ: Բացի այդ, պարի և թատրոնի հանդեպ մեծ ձգտում ունեի, որը նորից աշխուժացավ, երբ մասնակցեցի Հնդկաստանի Անկախության 75-ամյակի՝ ԵՊԲՀ-ում անցկացված տոնակատարությանը», – ասում է Արուշան՝ հավելելով, որ սիրում է կարդալ գրքեր, հատկապես այնպիսի գրքեր, որոնք ընթերցողին տեղափոխում են այլ աշխարհ: 

Արուշայի պապիկը բժիշկ էր, որի երազանքն էր, որպեսզի ընտանիքից որևէ մեկը շարունակեր իր գործը: «Շատ տպավորված էի այն պատմություններով, որոնք սովոր էի լսել պապիկիս մասին, այն մասին, թե ինչպես էր նա սիրում օգնել մարդկանց: Նրա սերը բժշկության հանդեպ դարձավ իմ սերը բժշկության հանդեպ, իսկ նրա երազանքը դարձավ իմ երազանքը: Միշտ ցանկացել եմ բժիշկ լինել, և որքան էլ որ դժվար լինի, ոչինչ չեմ փոխի իմ կյանքում։ Զգում եմ, որ բժշկությունն իմ կոչումն է», – վստահեցնում է հնդիկ ուսանողուհին: 

ԵՊԲՀ-ում սովորելու որոշումն Արուշան կայացրել է հոր հետ միասին։ «Հայրս, բախտի բերմամբ, ձեռք բերեց բուհի մասին պատմող գրքույկը, այնուհետև մի շարք հանդիպումներ ունեցանք, որոնց արդյունքում և՛ հայրս, և՛ ես որոշեցինք, որ այն հիանալի վայր կլինի՝ կրթությունս շարունակելու և բժիշկ դառնալու իմ երազանքն իրականացնելու համար», – պատմում է ապագա բժիշկը: ԵՊԲՀ-ն, նրա խոսքով, և՛ հեղինակավոր, և՛ հայտնի համալսարան է, որն օժտված է վերջին 100 տարվա ընթացքում որակյալ բժիշկներ պատրաստելու հարուստ պատմությամբ:

«Ավելին, բուհի օտարերկրացի շրջանավարտները մեծ հաջողություններ են գրանցել Հնդկաստանում՝ հաճախ գործնական հմտություններ ձեռք բերելով Դելիի լավագույն հիվանդանոցներում», – շեշտում է Արուշան: 

Նրա համոզմամբ՝ բժշկական բուհի դասախոսները բանիմաց են և նվիրված։ «Համալսարան հաճախելու առաջին իսկ օրվանից ինձ համար առանձնահատուկ էր այն, թե ինչպես էին մեր դասախոսները և դեկանը մեզ դիմում՝ «Հարգելի՛ ապագա գործընկերներ»՝ մեր մեջ սերմանելով ինքնահարգանքի զգացում և ստիպելով մեզ ընդունելի զգալ մասնագիտության մեջ: Նրանք ուղղորդում են մեզ՝ բացահայտելու սեփական հմտությունները և մարտահրավեր են նետում՝ մտածելու առանց սահմանափակումների», – ընդգծում է հնդիկ ուսանողուհին: 

Հայաստանը, նրա խոսքով, գեղեցիկ երկիր է, աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը։ «Երևանում երբեք ինձ միայնակ կամ օտար չեմ զգացել։ Քաղաքն ինձ խաղաղության զգացում է ներշնչում։ Հայաստանում մարդիկ սրտացավ են և ընկերասեր», – ասում է Արուշան։ 

Նրա կարծիքով` լավ բժիշկ լինելու համար բավարար չէ միայն լավ գնահատականներ ստանալը։ «Լավ բժիշկ դառնալու համար պետք է ունենալ լավ լսելու ունակություն, համբերություն, կարեկցանք ցուցաբերել հիվանդների նկատմամբ։ Բժիշկ դառնալը ճանապարհ է, որտեղ դուք բազմաթիվ սխալներ թույլ կտաք, և պետք է բավականաչափ խելամիտ լինեք դրանցից յուրաքանչյուրից սովորելու համար: Այդ ճանապարհին միշտ կլինեն և՛ հաջողություններ, և՛ մարտահրավերներ, բայց պետք է շարունակել պայքարել կարևոր նպատակի համար», – խորհուրդ է տալիս Արուշա Շեկհերը: 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան