Բժշկական բուհի հնդիկ ուսանողներն այս տարի ևս նշեցին աշխարհի ամենաուրախ ու պայծառ փառատոններից մեկը՝ գույների և գարնան տոնը՝ Հոլին։ Սակայն այս տարի, հաշվի առնելով համաճարակային պայմանները, ավանդական տոնական միջոցառումները չեղարկվեցին:
Հոլի փառատոնը խորհրդանշում է ձմռան ավարտը և գարնանամուտը: Սովորաբար հոլին նշվում է մարտ ամսին: Տոնը գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի։
Փառատոնի մասնակիցներն իրար ջրում են գունաներկված ջրով ու տարածում բուժիչ խոտերի ծաղկաթերթեր՝ տոնը վերածելով պայծառ գույների շքերթի։
Հնդկական օրացույցով Հոլին տոնվում է լիալուսնի օրերին։
«Հոլիի ուրախ փառատոնը մեզ ավելի է մոտեցնում մեր կրոնին և դիցաբանությանը: Հոլիի ընթացքում տարածված է սպիտակ հագուստ կրելը: Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, խոնարհություն, անվտանգություն և խաղաղություն», – ասում է ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին:
Ավանդաբար Հոլին նշում են «Գուլալ» կոչվող գույներով. դրանք պատրաստվում են բնական ծաղիկներից, բազուկից, քրքումից, հատապտուղներից:
Հոլիի բաղկացուցիչ մասն են կազմում հնդկական ազգային ուտեստները, որոնց շարքում են Գուջիան (Հոլիի քաղցրավենիք), Լադդուն (գնդի տեսքով հնդկական հրուշակեղեն, որը սովորաբար պատրաստվում է ալյուրից և շաքարից), Մալպուան (նման է նրբաբլիթի), Պուրան Պոլին (կարագով քաղցրահամ հաց), Թանդաին (հնդկական քաղցր ըմպելիք՝ պատրաստված կաթնային հիմքով, ինչպես նաև նուշով, զաֆրանով և կակաչի սերմերով):