ԵՊԲՀ-ն միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագիր է կնքել ֆրանսիացի գործընկերների հետ

ԵՊԲՀ-ն միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագիր է կնքել ֆրանսիացի գործընկերների հետ

Բժշկական համալսարանը միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագիր է կնքել ֆրանսիական առաջատար բժշկական կառույցների՝ Assistance Publique – Hôpitaux de Paris-ի և Université Paris-Saclay-ի հետ։

Փաստաթուղթը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ստորագրեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ Ֆրանսիական կողմը ներկայացնում էին AP-HP հիվանդանոցների խմբի միջազգային հարաբերությունների ղեկավար Ֆլորանս Վեբերը և Փարիզ-Սակլե համալսարանի մանկաբուժության կրթական ծրագրի պատասխանատու, բժշկության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և Եվրոպայի գծով փոխդեկան, պրոֆեսոր Ագնես Լինգլարը։

Հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի ունեցավ ռեկտորատի նիստի ընթացքում, ներկա էին նաև Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտանոթային վիրաբույժ, ԵՊԲՀ այցելող պրոֆեսոր Լևոն Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, մասնավորապես` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համագործակցության և մշակութային գործունեության բաժնի ղեկավար Քսավիեր Ռիշարը:

Համաձայնագիրը հիմք է ստեղծում կողմերի միջև երկարաժամկետ և համակարգված համագործակցության զարգացման համար։ Այսպիսով, հայ-ֆրանսիական համագործակցությունը նոր փուլ է մտնում։

Մանկաբուժության զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ամրապնդել ակադեմիական և կլինիկական գործընկերությունը՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը, կրթության որակի բարձրացմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։ Համագործակցության հիմքում մանկաբուժության ոլորտում իրականացվող կրթական և մասնագիտական ծրագրերի զարգացումն է։

Նախաձեռնությունը նպատակ ունի ուժեղացնել մանկաբույժների թե՛ տեսական, թե՛ գործնական պատրաստվածությունը՝ ձևավորելով ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական միջավայր։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել համատեղ դասավանդումը տեղացի մասնագետների և ֆրանսիացի գործընկերների միջև, խթանել բժշկական պրակտիկայի ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ակտիվացնել մանկաբուժության ոլորտում կլինիկական հետազոտությունները։

Համագործակցության կարևոր բաղադրիչներից է նաև պարբերական կրթական առաքելությունների իրականացումը։ Ամեն տարի նախատեսվում է կազմակերպել 2–3 մասնագիտական այց, որոնց ընթացքում ֆրանսիացի բժիշկները կանցկացնեն դասախոսություններ, կլինիկական դեպքերի քննարկումներ և գործնական աշխատարաններ։ Դասընթացները նախատեսված են բժշկական համալսարանի ուսանողների, կլինիկական օրդինատորների և ոլորտի մասնագետների համար։

Նախաձեռնությունը միտված է ձևավորելու մանկաբուժության զարգացման ամուր հիմքեր և ստեղծելու իրական Մանկաբուժության դպրոց, որը կծառայի ոլորտի շարունակական առաջընթացին։

Նախքան հուշագրի ստորագրումը հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ռեկտորի աշխատասենյակում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մանկաբուժության բնագավառում հայ-ֆրանսիական գործակցության հնարավորություններին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրերին, որոնց կազմում էին նաև դեսպանատան աշխատակիցները, նշեց, որ Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Նոր նախաձեռնության մեկնարկը, նրա խոսքով, հույս է ներշնչում, որ այն հաջողությամբ կպսակվի և սկիզբ կդնի որակական նոր գործընթացի` հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է երեխաների առողջությանը։

AP-HP հիվանդանոցների խմբի միջազգային հարաբերությունների ղեկավար Ֆլորանս Վեբերը նշեց, որ լավ է հիշում ԵՊԲՀ ռեկտորի գլխավորությամբ համալսարանի ներկայացուցիչների հետ նախորդ տարվա հոկտեմբերին կայացած հանդիպումը, որի ընթացքում էլ ուրվագծվեց մեկնարկող համագործակցությունը։

Նա հավաստիացրեց, որ այս նախաձեռնության իրականացման գործընթացում ջանք ու եռանդ չեն խնայի։ Կարճաժամկետից երկարաժամկետ համագործակցության անցումը, նրա խոսքով, հետագայում կարող է պայմանավորված լինել նաև ծրագրի մասնակիցների ֆրանսերենի իմացությամբ։ Այս ուղղությամբ համալսարանը ևս քայլեր կձեռնարկի՝ ներառյալ ֆրանսերեն բժշկական կրթության զարգացման հնարավորությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամռան շրջանում ուսանողների փոխանակման:

Տեսանյութ