ԵՊԲՀ պրոֆեսորը` Ազգային էթիկական կոմիտեների 35-րդ միջազգային ֆորումին

ԵՊԲՀ պրոֆեսորը` Ազգային էթիկական կոմիտեների 35-րդ միջազգային ֆորումին

Բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը պաշտոնական հրավերով մասնակցում էր Կոպենհագենում կայացած Ազգային էթիկական կոմիտեների 35-րդ ֆորումին, որը կրում էր «Էթիկան անցումային շրջանում. ինստիտուտներ, տեխնոլոգիաներ և հանրային վստահություն» խորագիրը:

Նախորդ տարվա նոյեմբերի 13-14-ն անցկացված միջազգային ներկայացուցչական վեհաժողովի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն «Արժեքների վրա հիմնված եվրոպական թվային ինքնիշխանության նկատմամբ էթիկական պատասխանատվության մասին»:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Մենք պետք է ձգտենք այնպիսի թվային ապագայի, որտեղ տեխնոլոգիաները կաջակցեն մարդու արժանապատվությանը, իրավունքներին և ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք պետք է ստեղծենք այնպիսի ապագա, որտեղ երեխաներն ու երիտասարդները կմեծանան անվտանգ և պաշտպանված թվային տարածքում, ապագա, որտեղ Եվրոպան ոչ միայն կհարմարվի տեխնոլոգիական փոփոխություններին, այլև ակտիվորեն կձևավորի դրանք: Սա միայն տեխնիկական մարտահրավեր չէ: Սա մեր էթիկական պատասխանատվությունն է»:

Ուրախալի է, որ Լոնդոնի IntechOpen հրատարակչությունը (խմբագիր` Պետեր Կլարկ) 2024 թվականին դիմել է պրոֆեսոր Դավթյանին` առաջարկելով գրել «Գլոբալ բիոէթիկա. արդի մարտահրավերներ, նոր զարգացումներ և ապագայի ուղղություններ» գրքի մեկ գլուխը:

Նշենք, որ գիրքը գրվել է գիտնականների կողմից` գիտնականների համար: Ի դեպ, 2025 թվականին լույս տեսած աշխատությունը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով` https://www.intechopen.com/books/1004283:

Հավելենք նաև, որ, տպավորված լինելով պրոֆեսոր Դավթյանի հեղինակած գլխով, նրան հրավիրել են` որպես խոսնակ հանդես գալու մի շարք միջազգային կոնֆերանսներում, որոնց թվում է այս տարվա նոյեմբերին Բանգկոկում կայանալիք կանանց առողջության վերաբերյալ համաժողովը: