ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Վլադիմիր Չեխոնինին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային և Եվրոպական նեյրովիրաբուժական ասոցացիայի նախագահ, շվեյցարացի հայտնի նեյրովիրաբույժ Քարլ Լոթար Շելերին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձավ բժշկական կրթության ծրագրերին, գործընկերներին ծանոթացրեց առողջապահական համակարգին վերաբերող հարցերին: «ԵՊԲՀ կատարած այցով ևս մեկ անգամ մեզ խրախուսում եք ներգրավվել միջազգայնացման գործընթացին և ձգտել դեպի միջազգային հարթակներ»,- ընդգծեց ռեկտորը:
Կարևորելով համագործակցության հնարավորությունները արտասահմանցի գործընկերների հետ՝ Արմեն Մուրադյանն ասաց, որ բուհի կրթական ծրագրերն ուղղված են բժշկական կրթության բարելավմանը, որպեսզի ԵՊԲՀ ուսանողները կարողանան սովորելով նաև այլ երկներում և ձեռք բերած փորձով հնարավորություն ունենան աշխատել աշխարհի ցանկացած երկրում, սակայն ընտրեն հայրենիքը: «Մենք ցանկանում ենք լինել բաց համալսարան՝ ներգրավվելով այցելու պրոֆեսորների աշխարհի տարբեր երկրներից, ինչը հնարավորություն կտա նրանց հետ համագործակցության շրջանակում իրականացնել փոխանակման ծրագրեր մեր ուսանողների համար»,-կարևորեց ռեկտորը՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը փորձում է լինել կրթական գործընթացների կիզակետում և շարունակում է կարևորել կոմունիկացիոն զարգացումը և այցելու պրոֆեսորների ներդրած ջանքերը՝ Հայաստանում բժշկական կրթության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Չեխոնինը և Քարլ Լոթար Շելերը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ քննարկեցին Հայաստանում նեյրովիրաբուժության զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնին վերաբերող հարցերին: Անդրադարձ կատարվեց նաև առողջապահական համակարգի խնդիրներին: Նշվեց, որ չնայած Հայաստանում կատարվում են տարբեր բարդ վիրահատություններ, սակայն խնդիր կա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Այս խնդիրներն ավելի հաճախ վերաբերում են առողջապահական համակարգին, քան բժշկական կրթությանը: