Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը և Շվեյցարիայի դեսպանը քննարկեցին համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը և Շվեյցարիայի դեսպանը քննարկեցին համագործակցության հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

«Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել։ Բժշկական համալսարանում սովորում են ապագա բժիշկներ աշխարհի 33 երկրից։ Նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 2055-ը», – նշեց Արմեն Մուրադյանը։

Դեսպանը ներկայացրեց Շվեյցարիայի կառավարության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող հետդիպլոմային կրթության ծրագրերը, որոնց մասնակցելու համար կարող են հայտ ներկայացնել նաև հայ մասնագետները։ «Մեզ համար այսօր առաջնահերթություն է մանկաբուժության ուղղությունը։ Շատ կարևոր է հիմնել մանկաբուժության դպրոց՝ հաշվի առնելով «Արաբկիր» բժշկական համալիրի (որի գլխավոր գործընկերն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցը) և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի փորձը և հմտությունները։ Դեղագիտությունը ևս մեզ համար համագործակցության առաջնային ուղղություն է՝ շվեյցարական փորձին ծանոթանալու առումով», – շեշտեց ռեկտորը՝ կարևորելով փոխադարձ ճանաչողական այցերը, որոնց արդյունքում կձևավորվեն նաև փոխադարձ հետաքրքրություններ։

Հանդիպմանը ներկա էին նաև Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը։