Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի դեսպանին

ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի դեսպանին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

 

Հանդիպման ընթացքում բուհի ղեկավարն ընդգծեց, որ հնդկական կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները միշտ շարունակական են և հաստատական:

 

«Օրերս մենք բացեցինք երկու կարևոր համալսարանական տարածք. առաջինը՝ հերոսների նախասրահը, որը կոչվեց պատերազմում ընկած մեր բժիշկների անունով, և երկրորդը՝ մեծ լսարան անվանի բժշկի անունով», – նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ համալսարանը իրականացնում է «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում անվանի բժիշկների, շրջանավարտների անուններով լսարաններ են հիմնանորոգվում և անվանակոչվում:

 

Դեսպան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին հնդիկ ուսանողների անվտանգությունը համավարակի ընթացքում Հայաստանում ապահովելու համար, փաստեց, որ 2020 թվականը շատ դժվար տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ համալսարանի համար:

 

«Գիտեմ, որ շատ բժիշկներ և երիտասարդ ուսանողներ կորցրին իրենց կյանքը պատերազմում: Մարդկության համար պատերազմը շատ վատ բան է: Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո ես փորձել եմ աջակցել Հայաստանին իմ հնարավորությունների շրջանակում», – ընդգծեց դիվանագետը:

 

Ներկայացնելով նորաբաց լսարանները՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ դրանք շատ ժամանակից են, բայց՝ խիստ ակադեմիական: «Կարծում եմ՝ այստեղ սովորող ուսանողները մշտապես սովորելու են այն կարգախոսով, որ պետք է սովորել այնպես, կարծես ապրելու ես 100 տարի, և պետք է ուրախանալ այնպես, կարծես մեկ օր է մնացել: Այդ խոսքերը, կարծում եմ, շատ տպավորիչ են այսօրվա երիտասարդության համար», – նշեց բուհի ղեկավարը:

 

Դեսպանը տեղեկացրեց, որ ծրագրվում է բժշկական համալսարանում Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի անվան լսարան բացել, ինչին համալսարանն իր հավանությունն է տվել: