ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։

Ողջունելով դիվանագետին՝ բուհի ղեկավարրը նշեց․ «Մեծ պատիվ է Ձեզ ընդունել բժշկական համալսարանում։ Վերջին 35 տարվա ընթացքում Հնդկաստանի 2500 քաղաքացի է կրթություն ստացել ԵՊԲՀ-ում։ Այս տարիների ընթացքում շատ ամուր կապեր են հաստատվել մեր ժողովուրդների միջև։ Դիվալին և Հոլին մեզ համար ևս սպասված տոներ են դարձել։ Այս պահին 546 հնդիկ ուսանող սովորում է մեր համալսարանի 1-6-րդ կուրսերում, 39 ուսանող՝ կլինիկական օրդինատուրայում, 6 ուսանող՝ ինտերնատուրայում, և 1 ուսանող մասնակցում է նախապատրաստական դասընթացին»։

Նրա խոսքով՝ բժշկական համալսարանում 33 երկրից ժամանած շուրջ 2055 օտարերկրացի ուսանողից մոտ 600-ը, այսինքն՝ 1/3-ը, Հնդկաստանից է։

«Այս տարիներին ձևավորված աշխատանքային փոխհարաբերություններն ու փոխադարձ այցերը կարևորվել են նաև մասնագիտական առումով», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։

Հայտնելով, որ 461 հնդիկ ուսանող մեր երկրում օգտվում է հանրակացարանային խնամքից՝ ռեկտորը մեջբերեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերն այն մասին, որ Հայաստանը միակ երկիրն էր աշխարհում, որը COVID-19-ի պարագայում կարողացավ հնդիկ ուսանողներին իր զավակների պես պահել և հետ չուղարկել Հնդկաստան՝ այն դեպքում, երբ շուրջ 9 միլիոն ուսանող վերադարձել էր երկիր։ «Դա շատ բարձր գնահատական է, որը և՛ պարտավորեցնող է, և՛ արժևորում է մեր աշխատանքը», – շեշտեց Արմեն Մուրադյանը՝ նաև բարձր գնահատելով այն փաստը, որ այս տարիներին թալասեմիայով հիվանդ հայ երեխաներին Հնդկաստանի կառավարությունը կարողացավ օգնություն ցուցաբերել և ապահովել համապատասխան դեղամիջոցներով։

Ռեկտորը հատուկ նշեց, որ համալսարանում այնքան մեծ տեղ ու դեր ունեն Հնդկաստանից ժամանած ուսանողները և արդեն գործող բժիշկները, որ բուհի լսարաններից մեկը, որում նախկինում աշխատում էր ռեկտորը, անվանակոչվեց Մահաթմա Գանդիի անունով։

Հակիրճ ներկայացնելով 100-ամյա համալսարանը՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն առաջիններից էր, որ խորհրդային տարիներին կարողացավ Սփյուռքի շնորհիվ արտասահմանցիների հետ աշխատանք տանել և Հնդկաստանի հետ ամուր կապեր ստեղծել։ «Հնդկաստանն առաջին երկրներից էր, որ համագործակցեց մեզ հետ և վստահեց իր կրթությունը մեզ։ Ուրախ եմ, որ այդ վստահությունն ամրապնդվում է Ձեր երկրում մեր շրջանավարտների բարձր հեղինակությամբ։ Նրանց 89%-ն աշխատանքի է անցնում Հնդկաստանում՝ հաջողությամբ հանձնելով FMGE քննությունը», – փաստեց Արմեն Մուրադյանը` անդրադառնալով բուհի 6 ֆակուլտետի, 3 խոշոր հիվանդանոցի և քոլեջի գործունեությանը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքները՝ ի նպաստ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան գոհունակություն հայտնեց բժշկական բուհում հյուրընկալվելու հնարավորության առիթով։ «Իմ անունից վստահեցնում եմ, որ Հնդկաստանի և ԵՊԲՀ-ի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Այստեղ հնդիկ ուսանողները սեր և ջերմություն են ստանում, ինչի մասին էլ վկայում է մեր արտգործնախարարի հայտարարությունը։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում այցելել ԵՊԲՀ և հավաստել հետագա համագործակցության մասին», – նշեց դեսպանը։

Արմեն Մուրադյանը նրան հրավիրեց շրջայց կատարել համալսարանում, ներառյալ՝ նորաբաց թանգարանում, որտեղ նախատեսվում է Հնդկաստանին նվիրված բաժնի հանդիսավոր բացումը։ «Այսօր այստեղ արդեն սովորում են մեր հնդիկ շրջանավարտների զավակները։ Սա այն փափուկ ուժն է, որն ամուր կապում է մեր ժողովուրդներին», – հավելեց ռեկտորը։

Խոսելով համալսարանական հիվանդանոցների մասին՝ նա շեշտեց, որ Հայաստանում կա մեծաթիվ հնդկական համայնք, և հիվանդանոցները մշտապես թիկունք են եղել երկրի բոլոր քաղաքացիների համար։

Անդրադարձ կատարվեց առկա խնդիրներին, որոնք քննարկվեցին աշխատանքային կառուցողական մթնոլորտում։ ԵՊԲՀ ռեկտորը, մասնավորապես, շեշտեց միջազգային հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում կկատարվեն որոշակի լոգիստիկ փոփոխություններ նոր ընդունվող ուսանողների համար։

Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի պրոռեկտորների և օտարերկրացի ուսանողներին առնչվող ստորաբաժանումների աշխատանքային գործունեության ոլորտները։

Նիլակշի Սահա Սինհան ողջունեց ռեկտորի շրջայցի հրավերը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ կլինի բացել Հնդկաստանին նվիրված բաժինը ԵՊԲՀ թանգարանում։