ԵՊԲՀ ուսանողները՝ EIP 2025 միջազգային գիտաժողովում

ԵՊԲՀ ուսանողները՝ EIP 2025 միջազգային գիտաժողովում

2025 թվականի դեկտեմբերի 4–6-ը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները մասնակցել են EIP 2025 (Excellence in Pediatrics) միջազգային գիտաժողովին, որը կայացել է Փարիզում։

Excellence in Pediatrics (EIP)-ը միջազգային բարձրակարգ գիտական հարթակ է, որը միավորում է մանկաբուժության տարբեր ենթաճյուղերի առաջատար մասնագետների, գիտնականների և երիտասարդ հետազոտողների՝ նպատակ ունենալով խթանել ապացույցների վրա հիմնված կլինիկական մտածողությունը, բազմակենտրոն գիտահետազոտական համագործակցությունը և ժամանակակից մանկաբուժական մոտեցումների ներդրումը։

Գիտաժողովի ընթացքում ապագա բժիշկները ներկայացրել են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ, որոնք իրականացվել են «Մանկաբուժության դպրոցի» ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի անմիջական ղեկավարությամբ։

Ներկայացված ուսումնասիրությունները կենտրոնացած էին մանկաբուժության արդի գիտական խնդիրների վրա՝ ներառելով կլինիկական դիտարկումների համակարգում, վիճակագրական տվյալների վերլուծություն և առողջապահական գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված եզրահանգումներ։

Մանկաբուժության նորաստեղծ, սակայն հստակ գիտական զարգացման ուղի որդեգրած համալսարանական դպրոցի շրջանակում այս մասնակցությունը կարևոր քայլ էր ուսանողների համար՝ միջազգային գիտական հարթակում հանդես գալու, բժշկական բուհի գիտական ներուժը ներկայացնելու և միջազգային ակադեմիական համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։