«Կատարելության ձգտումով» 4-րդ միջազգային բժշկական համաժողովի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Պերճ Աբգարյանին:
Ի թիվս այսօր բժշկական բուհում մեկնարկած եռօրյա միջոցառման, ինչպես նաև համագործակցային այլ հարցերի, բուհի ղեկավարի առաջարկով հյուրի հետ քննարկվեց հաջորդ տարվա հուլիսի 8-10-ը Երևանում նախատեսվող Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (Armenian Medical World Congress-AMWC-2027) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Խոսելով կայանալիք կոնգրեսին Պերճ Աբգարյանի ներգրավվածության մասին` ռեկտորը վստահեցրեց, որ այդ աշխատանքների արդյունքում մեր երիտասարդ մասնագետները ավելի մեծ ասպարեզներ կբացեն իրենց համար, Երևանը կդառնա աշխարհի բժշկագիտության կենտրոններից մեկը: Նրա համոզմամբ` պատվավոր հյուպատոսն արդյունավետորեն կնպաստի անվանի (ոչ միայն հայ) բժիշկների ներկայացուցչական կազմի մասնակցությանը:
Կոնգրեսի էթնիկ բաղադրիչը կապված է նրա հետ, որ աշխարհի տարբեր կլինիկաներում աշխատող մեր հայրենակիցները կարողանան իրենց մասնագիտության մեջ առաջատարներին ներգրավել և ուղղորդել դեպի Երևան, որտեղ նրանք հանդես կգան իրենց զեկուցումներով և կլինիկական դեպքերի քննարկումներով:
Առաջիկայում ԱՄՆ-ում բնակվող հայ գործընկերների հետ կհստակեցվեն համագործակցության հիմնական ուղղությունները, նպատակները և արդյունքները: