Գոթեբորգի համալսարանի մասնագետները դասախոսում են բժշկական բուհում

Գոթեբորգի համալսարանի մասնագետները դասախոսում են բժշկական բուհում

Շվեդիայի Գոթեբորգի համալսարանի առաջատար մասնագետները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանդես են գալիս հանրային առողջապահության ոլորտին նվիրված դասախոսությունների շարքով։

Փետրվարի 16-20-ը նախատեսված դասախոսություններն անցկացվում են անգլերեն և ինտերակտիվ են:

Գոթեբորգի համալսարանի Թվայնացման և գիտելիքի փոխանցման գծով գրասենյակի փոխտնօրեն Մաքս Փեցոլդի փոխանցմամբ` նման միջոցառումների նպատակներից է անհատական նախագծերին աջակցություն ցուցաբերելը:

«Մյուս նպատակն է, իհարկե, ստեղծել կապեր, շփումներ, նպաստել հայ սովորողների` Շվեդիայում վերապատրաստման հնարավորությանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` այսպիսի դասախոսությունների, համատեղ հետազոտական նախագծերի միջոցով խթանել համալսարանների միջև սերտ կապերի զարգացումը», – նշեց շվեդ մասնագետը` ընդգծելով փոխգործակցության արդեն 7-ամյա ողջունելի փորձառությունը:

Նույն համալսարանի համաճարակաբանության և բիոստատիստիկայի մասնագետ Լաիթ Հուսսեյնը պատմեց, որ այս տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի և Շվեդիայի գործընկերների միջև քննարկումներին, դասախոսական խմբի ձևավորմանը:

«Այսպիսի դասախոսությունները նպաստում են հետազոտական առավել լայն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, և այստեղ մենք փոխանակվում ենք ավելի տեխնիկական մանրամասներով` հետազոտական մեթոդաբանությամբ և այլն: Հուսով եմ` սա միայն սկիզբն է», – վստահեցրեց նա` հավելելով, որ այս շաբաթվա ընթացքում նախատեսված դասախոսությունները կներառեն ինչպես խմբային, այնպես էլ անհատական քննարկումներ` պարզելու ներդրված տեխնիկական մեթոդների արդյունավետությունը:

Գոթեբորգի համալսարանի բժշկական դպրոցի ներկայացուցիչ Լեոնարդ Սթոքֆելթն ընդգծեց պատվաստման կարևորությունը հանրային առողջապահության տեսանկյունից: «Համաճարակաբանության վիճակագրությունը ոլորտ է, որի դեպքում հնարավոր չէ օգտագործել միևնույն մեթոդները, և սա լավ առիթ է միջազգային համագործակցության զարգացման և փորձի փոխանակման համար», – ասաց նա:

Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի խոսքով` շուրջ 7 տարվա համագործակցությունը տալիս է պտուղներ, և շվեդ մասնագետների աշխատանքային այցի շրջանակում կքննարկվեն ինչպես Շվեդիայում արդեն իսկ վերապատրաստված սովորողների փորձը, այնպես էլ Երևանի պետական բժշկական համալսարանի և Գոթեբորգի համալսարանի միջև հետագա գործակցության ծրագրերը: