Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հռոմի Տոր Վերգատայի համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Գործակցության հիմնական ուղղությունները կներառեն գինեկոլոգիան, մանկաբուժությունը և սննդաբանությունը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց հյուրերին և պատրաստակամություն հայտնեց՝ հստակեցնելու Տոր Վերգատայի համալսարանի հետ փոխհարաբերություններն ակադեմիական հարթակում։ «Մեզ համար գինեկոլոգիան և մանկաբուժությունը գերակա ուղղություններ են։ Եվ այս համագործակցության արդյունքում մենք կբարելավենք գիտահետազոտական աշխատանքները նշված ոլորտներում», – ընդգծեց բուհի ղեկավարը։
Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինին (նստավայրը՝ Հռոմ) հիշեցրեց, որ անցած տարվա հոկտեմբերից սկսած՝ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել համագործակցության ձևաչափի վերջնական տարբերակի շուրջ։ Մալթայի Ինքինշխան Մարտական Ուխտի դեսպանությունը, նրա խոսքով, ուրախ է նպաստել համալսարանների միջև փոխգործակցության խորացմանը։ «Ես հանդիսանում եմ Հռոմի Տոր Վերգատայի համալսարանի Պատվավոր պրոֆեսոր և մեծ սիրով կփոխանցեմ փաստաթղթերը ռեկտորին։ Համալսարանը գործակցում է աշխարհի 16 բուհի հետ, և ԵՊԲՀ-ն կլինի 17-րդը», – ավելացրեց դիվանագետը։
Հանդիպմանը ներկա էին համալսարանական մասնագետներ՝ ըստ նախանշված համագործակցության ոլորտների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: