Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի ժառանգը կայացած բժիշկ է ԱՄՆ-ում և ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի ժառանգը կայացած բժիշկ է ԱՄՆ-ում և ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Գրեգ Կալեմկերյանը ԱՄՆ Միչիգանի համալսարանի կլինիկական պրոֆեսոր է բժշկական ուռուցքաբանության և ներքին բժշկության ոլորտներում։  

Հայոց ցեղասպանությունից փրկված սերնդի ժառանգն այսօր կայացած բժիշկ է Միացյալ Նահանգներում, իսկ նրա կրթած սերունդները նորանոր ձեռքբերումներ են գրանցում բժշկության ոլորտում։

Անվանի հայ մասնագետի հետ զրուցել ենք մասնագիտական կողմնորոշման, մարտահրավերների ու առավելությունների, կարիերայի տարբեր փուլերի, ոգեշնչման աղբյուրների, շրջադարձային իրադարձությունների, ինչպես նաև չիրականացած երազանքների մասին։ 

 – Բժիշկ դառնալու մասին որոշումն ինչպե՞ս եք կայացրել:

Շատ փոքր տարիքից հիացած էի բնությամբ և գիտությամբ։ 1960-ականների վերջին ծնողներս ստացան մասնագիտական հանրագիտարանի անվճար առաջին հատորը, դրանում անատոմիայի մասին մանրամասն բաժին կար՝ թափանցիկ ծածկույթներով, որոնք ցույց էին տալիս ոսկորները, նյարդերը, արյան անոթները, մկանները և օրգանները։ Ժամեր շարունակ ուսումնասիրում էի դրանք։ Երբ եկավ քոլեջ գնալու ժամանակը, գիտեի, որ ուզում եմ կարիերա անել գիտության ոլորտում և ուսումնասիրել բժշկությունը,  քանի որ այն ինձ համար գիտության ամենաօգտակար կիրառումն էր, աշխարհն ավելի լավը դարձնելու լավագույն միջոցը: 

 – Ինչպիսի՞ մարտահրավերների է բախվում բժիշկն իր գործունեության ընթացքում:

Ժամանակակից բժշկության մեջ մարտահրավերները չափազանց շատ են, բայց, ընդհանուր առմամբ, դրական կողմը դեռ գերակշռում է: Միացյալ Նահանգներում բժշկության ժամանակակից պրակտիկայում մարտահրավերներից մեկը բժշկության ոչ համաչափ ֆինանսավորումն է: Մեկ այլ մարտահրավեր է բժիշկների նկատմամբ հասարակության վստահության նվազումը, որը մասամբ պայմանավորված է համացանցի հասանելիությամբ և դրա մատուցած մոլեգնող ապատեղեկատվությամբ: 

 – Ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:

Ուռուցքաբան լինելու ամենամեծ առավելությունը մարդկանց օգնելու հնարավորություն ունենալն է, երբ նրանք գտնվում են իրենց առողջության խոցելի փուլում: Սրա հետ մեկտեղ կարևոր է հիվանդներին և նրանց ընտանիքներին ծանոթանալու, նրանց հաղթանակներին ու ողբերգություններին շատ սերտորեն առնչվելու առավելությունը: ԱՄՆ-ում բժշկությունը դեռևս արտոնյալ ոլորտ է, որն ապահովում է ֆինանսական և աշխատանքային կայունություն նույնիսկ դժվարին ժամանակներում:  

 – Կպատմե՞ք Ձեր կարիերայի մասին:

Վերապատրաստումից հետո իմ կարիերայի ուղին ժամանակի ընթացքում փոխվեց: Կրթաթոշակային ծրագրի ընթացքում մեծապես ներգրավված էի լաբորատոր հետազոտության մեջ՝ ուսումնասիրելով թոքերի քաղցկեղի մոլեկուլային մեխանիզմները։ Իմ առաջին իրական աշխատանքը Ուեյնի պետական  համալսարանում որպես բժիշկ-գիտնական սեփական լաբորատորիաս ղեկավարելն էր: Որոշ հաջողություններ ունեցա լաբորատոր ախտորոշման ոլորտում հետաքրքիր բացահայտումներով, որոնք հանգեցրին մի քանի կլինիկական փորձարկման, բայց, ի վերջո, հասկացա, որ ավելի շատ հաճույք էի ստանում հիվանդներին խնամելիս և դասավանդելիս, քան լաբորատոր աշխատանքից: Լաբորատորիայում 10 տարի աշխատելուց հետո Միչիգանի համալսարանը կապ հաստատեց ինձ հետ՝ հնարավորություն տալով զարգացնել թոքերի քաղցկեղի դեմ պայքարի իրենց ծրագիրը, ուստի ուշադրությունս կենտրոնացրի կլինիկական հետազոտությունների, հիվանդների խնամքի, ուսուցման վրա: Տարիների ընթացքում գործունեության այս ոլորտում հավասարակշռությունը փոխվեց, բայց նշված ամեն ինչը դեռևս իմ առօրյայի մասն է կազմում: Շատ հնարավորություններ եմ ունեցել ստանձնելու ավելի բարձր պաշտոններ, բայց գիտակցում եմ, որ իմ ուժն ու առաքելությունն ավելի շատ հիվանդների խնամքի և ուսուցման ոլորտներում են:

Ձեռքբերումների շարքում, որոնցով ես ամենաշատն եմ հպարտանում, այն պաշտոնական գնահատականներն են, որոնք ստացել եմ հիվանդների նկատմամբ խնամքի և ուսուցման համար: Սաներիցս մի քանիսը բարձրացել են կարիերայի աստիճաններով՝ դառնալով պրոֆեսորներ, ամբիոնի վարիչներ և նույնիսկ՝ քաղցկեղի կենտրոնի տնօրեն։ Ինձ համար մեծ պատիվ է ասել, որ ես որոշակի դեր եմ խաղացել՝ օգնելով նրանց հասնել այս նպատակներին: 

 – Ո՞վ է Ձեզ ոգեշնչել կամ ոգեշնչում այս ճանապարհին: 

Մինչ բժշկական դպրոցը իմ միակ կապը բժշկության հետ դեղագործ հայրս էր, որն աշխատում էր Նյու Յորքի մի փոքրիկ կղզում: Հաճախորդներից շատերը գալիս էին նրա մոտ իրենց վնասվածքների և հիվանդությունների մասին հարցերով, իսկ նա օգնում էր նրանց, ինչպես կարողանում էր։ Դա ինձ համար շատ ոգեշնչող էր:

Փորձում եմ անձնական ոգեշնչում ստանալ նաև այն արտահայտությունից, որը մի անգամ լսել եմ մի քահանայից. «Ես երրորդն եմ. Աստված առաջինն է, մյուսները երկրորդն են, ես երրորդն եմ»: Միշտ չէ, որ հաջողվում է հետևել այդ պատգամին, բայց փորձում եմ: 

 – Կարո՞ղ եք հիշել իրադարձություններ, որոնք շրջադարձային են եղել Ձեր անձնական և մասնագիտական կյանքում:

Անձնական կյանքում ամենաշրջադարձայինը կնոջս հետ ամուսնանալն էր և մեր երեխաների ծնունդը. նրանք փոխեցին իմ կյանքը:

Մասնագիտական առումով կյանքս փոխվեց Հյուսիսարևմտյան համալսարանի քոլեջ և բժշկական դպրոց ընդունվելուց հետո․ ես հեռացա տնից և սովորեցի անկախ լինել:

Ուռուցքաբանության կրթաթոշակը Ջոնս Հոփքինսի համալսարանում բացեց աչքերս դեպի ակադեմիական բժշկություն և հետազոտական հնարավորություններ, որոնք դարձան կարիերայիս հիմնական ուղղությունները:  

 – Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել։

Հիմա 60 տարեկան եմ, բայց շարունակում եմ զբաղված ուռուցքաբանական պրակտիկան, ինչպես նաև ուսուցման և հետազոտական գործունեության ամբողջական փաթեթը: Մի քանի տարի առաջ ես «Թոքերի քաղցկեղի և կրծքավանդակի այլ չարորակ հիվանդությունների մասին» գրքի գլխավոր խմբագիրն էի։ Գիրքը ես մշակել էի որպես այս հիվանդություններով մարդկանց խնամքի գործնական ուղեցույց: Իմ մասնագիտական երազանքներից մեկն է ժամանակ ունենալ գրելու այս գրքի թվային տարբերակը, որը կարող եմ պարբերաբար թարմացնել և տարածել ամբողջ աշխարհում։

Իսկ անձնական երազանքս է լինել առողջ և անցնել երկար, հանգիստ թոշակի, որի ընթացքում կարող եմ վայելել ժամանակը կնոջս և, հուսով եմ, մեր թոռների հետ: 

 – Խոսենք նաև Ձեր ընտանիքի մասին:

Կինս՝ Մերին, ամերիկահայ է Դետրոյտի շրջանից։ Մենք հանդիպեցինք, երբ երկուսս էլ բժշկական օրդինատուրայում էինք սովորում Չիկագոյում: Կինս նույնպես ուռուցքաբան է և աշխատում է որպես ուռուցքաբանական դեղամիջոցների մշակման խորհրդատու: Ունենք երկվորյակ որդիներ՝ Փիթերը և Ջոնը, նրանք սովորում են Ինդիանա նահանգի Նոտր Դամի համալսարանում:

Ծնողներս առաջին սերնդի ամերիկահայեր էին: Հայրական տատս ու պապս եկել են Ռոդոստոյից (ներկայումս՝ Թուրքիայի Թեքիրդաղ քաղաք)․ ընտանիքից միայն նրանք կարողացան փրկվել Հայոց ցեղասպանությունից: Մայրական տատս ու պապս եկել են Ուրֆայի շրջանից․ այստեղ բնակվող ընտանիքների մեծ մասը կարողացավ փրկվել ցեղասպանությունից Հալեպում գտնվող մի ընտանիքի օգնությամբ: Նրանք բոլորն, ի վերջո, գտան հայտնվեցին Նյու Յորքում, որտեղ ծնողներս ծանոթացան և որտեղ էլ ես ծնվեցի ու մեծացա: Հայրս դեղագործ էր, իսկ մայրս՝ ուսուցչուհի, ուստի կրթությունը մեր ընտանիքում բարձր էր գնահատվում, ինչպես բոլոր հայ ընտանիքներում՝ որպես մեզ ճնշել փորձողներից վեր կանգնելու միջոց: 

– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

Չափից շատ եմ աշխատում, հետևաբար երբեք իսկական հոբբի չեմ զարգացրել: Մինչ մեր տղաները մեծանում էին, ազատ ժամանակիս մեծ մասն անցնում էր ընտանեկան գործունեությամբ, այդ թվում՝ սպորտով զբաղվելով: Մենք սիրում ենք ուսումնասիրել ԱՄՆ ազգային պարկերը և մինչ այժմ եղել ենք դրանցից մոտ 15-ում՝ երկրի տարբեր մասերում: Հաճույքով կարդում եմ և՛ գեղարվեստական, և՛ ոչ գեղարվեստական գրականություն, և ամեն օրվա վերջում հանգստանում եմ՝ կարդալով թերթեր (այո, իսկական թղթային թերթեր) և հետևելով իմ սիրելի սպորտային թիմերին:  

Հայաստանում եղե՞լ եք։ Պլանավորու՞մ եք ապագայում այցելել մեր երկիր։   

Հայաստանում դեռ չեմ եղել։ Մի քանի տարի առաջ բախտ ունեցա հանդիպելու Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանին, երբ վերանայեցի Journal of Clinical Oncology ամսագրում հրապարակված նրա հոդվածը: Բժիշկ Թամամյանի շնորհիվ հնարավորություն ունեցա դառնալու ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր և նախատեսում էի իմ առաջին ուղևորությունը Հայաստան կատարել 2020 թվականի սեպտեմբերին՝ ելույթ ունենալու բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին: Իհարկե, COVID-19 համավարակը չեղարկեց այդ ծրագրերը: 

Ներգրավված եմ նաև նորաստեղծ Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտի  հոգաբարձուների խորհրդի կազմում: Հուսով եմ՝ կստացվի Հայաստան այցելել 2022 թվականին՝ մասնակցելու այս կառույցի կողմից կազմակերպված մասնագիտական հավաքին և ավելին իմանալու այն մասին, թե ինչպես կարող եմ աջակցել ԵՊԲՀ-ում բժշկական կրթությանը: Այդ ժամանակ, հուսանք, համավարակն արդեն անցյալում կլինի, և ես ու ընտանիքս կկարողանանք վայելել մեր հայրենիքը: 

Որպես փորձառու կլինիկական պրոֆեսոր՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին: 

Բժշկությունն անընդհատ փոփոխվող ոլորտ է․ այժմ փոխվում է ավելի արագ, քան երբևէ: Պետք է բացահայտել, թե ինչպես սովորել և գտնել մի համակարգ, որը թույլ կտա շարունակել աճել ընտրած ոլորտում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ:

 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան