Աշխատանքային հերթական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին ՆԱՏՕ-ի կրթական բլոկի ներկայացուցիչները։
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները ճանաչողական այց կատարեցին բուհի թանգարանում։
Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը ներկայացրեց բժշկության և բժշկական համալսարանի հիմնադիրներին՝ ծանոթացնելով ոչ միայն համալսարանի, այլև բժշկության զարգացման պատմությանը մեր երկրում։
Հյուրերը շրջեցին թանգարանի ռազմական անկյունում, որտեղ ամփոփված են հայկական ռազմական բժշկության հերոսական էջերին նվիրված ցուցանմուշներ, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիներին վերաբերող նյութեր և նկարներ։
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները շրջեցին նաև ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում։ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն այցելուներին մանրամասնորեն ծանոթացրեց կենտրոնի կարողություններին և նպատակներին։
«Կենտրոնը Հայաստանին կընձեռի գիտական բարձր մակարդակի վրա գտնվելու հնարավորություն՝ հստակ տեղորոշելով մեր երկիրը համաշխարհային գիտական քարտեզի վրա», – ընդգծեց պրոռեկտորը։
ՆԱՏՕ-ի առաջատար փորձը ռազմաբժշկության ոլորտում, ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանի խոսքով, գիտահետազոտական նոր և շարունակական նախագծերի իրականացման հնարավորություն կտա։
«Այս տարվա մայիսին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Օսլոյում և Բուդապեշտում նախատեսվում են բժշկական համալսարանի դասախոսների կարճատև վերապատրաստման ծրագրեր ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական հաստատություններում», – տեղեկացրեց նա։
Պատվիրակության անդամ, կանադացի գեներալ Էրեստ Բենոն, մեծապես տպավորված լինելով, գոհունակություն հայտնեց այցից։
«Մենք հանդիպեցինք մի շարք խելացի երիտասարդների, որոնք ապագայում լինելու են առաջատար բժիշկներ։ Այստեղ տեղակայված կենտրոնը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այն մեծ հնարավորություններ է բացում հայկական ռազմաբժշկական ֆակուլտետի համար` միանալու ՆԱՏՕ-ի նմանատիպ գործընկեր կազմակերպություններին և խորացնելու համագործակցությունը», – շեշտեց գեներալը։
Այցի ավարտին պատվիրակության ղեկավար, գերմանացի գնդապետ Սվեն Գարեիսը Դաշինքի հուշամեդալով պարգևատրեց ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանին։