Փոխըմբռնման հուշագիր բժշկական բուհի և Քեն Ուոքեր միջազգային համալսարանի միջև

Փոխըմբռնման հուշագիր բժշկական բուհի և Քեն Ուոքեր միջազգային համալսարանի միջև

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Քեն Ուոքեր միջազգային համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

«Ուրախ եմ ողջունել ձեզ բժշկական համալսարանում մեզ համար թանկ, հարազատ համալսարանից և քաղաքից` նման ներկայացուցչական կազմով: Մենք վերջին անգամ հանդիպել ենք մի քանի տարի առաջ, երբ «Բուժական գործ» կրթական ծրագիրը միջազգային հավատարմագրում էր անցնում, չնայած` դրանից զատ, համալսարանականների առանձին խմբել ունեցել են աշխատանքային այցեր Վրաստան», – երկու երկրի կրթության պատասխանատուներին դիմելով` ասաց  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` գնահատելով, որ կրթական կարևոր գործընթացի կյանքի կոչման գործում աջակցեցին հենց մեր վրացի ընկերներն ու եղբայրները:

Հուշագրի ստորագրումը սպասված քայլ էր և, բուհի ղեկավարի գնահատմամբ, հնարավորություն կտա ավելի բարձր մակարդակում շարունակել արդյունավետ գործակցությունը:

Նա առանձնահատուկ ընդգծեց պատվիրակության  անդամ,  միջազգային փորձագետ Կոնստանտին Չոկորայայի դերը միջազգային ծրագրային հավատարմագրման աշխատանքներում,  ով 2025 թվականին արժանացավ ԵՊԲՀ շնորհակալագրի: Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց քննարկել առաջիկայում Թբիլիսի աշխատանքային այց կատարելու մանրամասները:

Միացյալ Նահանգների Էմորի համալսարանի բժշկական դպրոցի կրթական ծրագրերի ղեկավար Արչիլ Ունդիլաշվիլին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար` ընդգծելով, որ վրացի գործընկերները մշտապես ուրախ են այցելել մեր երկիր: Նա շնորհավորեց ռեկտորին բժշկական բուհի «Բուժական գործ» հայերեն, ռուսերեն և անգլերեն կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման առիթով:

«Դա պատմական փաստ է, պատմական իրադարձություն ձեր համալսարանի համար: Ես գիտեմ, որ դուք շատ եք աշխատել և մեծ ջանք եք ներդրել այս ուղղությամբ, և իհարկե, այս գործընթացում որևէ խնդիր չառաջացավ: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում` ի նպաստ մեր համալսարանների զարգացման», – շեշտեց Արչիլ Ունդիլաշվիլին:

Հանդիպման ավարտին Արչիլ Ունդիլաշվիլին արժանացավ բժշկական բուհի այցելու պրոֆեսորի պատվավոր կոչման: Վրացի մասնագետն իր երախտիքի խոսքում շեշտեց, որ մեծ պատիվ է ստանալ նման կոչում:

Նշենք, որ ստորագրված փաստաթուղթը նպատակ ունի ուսանողների, դասախոսների միջև փոխանակման, համատեղ գիտական ծրագրեր իրականացնել:  Քեն Ուոքերի անվան միջազգային համալսարանը հիմնադրվել է 2019 թվականին:

Համալսարանի հիմնադրման գաղափարն էր ստեղծել նոր կրթական տարածք, որը հարմարեցված կլիներ բժշկական կրթության աճող համաշխարհային պահանջարկին։ Կրթական այս հաստատության հիմնադրման գաղափարն ամրապնդվել է միջազգային համագործակցության հստակ բաղադրիչով՝ ամերիկյան կողմի աջակցությամբ և ակտիվ ներգրավվածությամբ, ինչպես նաև նրանց պատրաստակամությամբ` մասնակցելու Վրաստանում միջազգային կրթության և առողջապահության համակարգի հետ սերտ կապեր պահպանող ուսումնական կենտրոնի ստեղծմանը: