Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քննարկվեցին բժշկագիտության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր  հանդիպեց պաշտոնական մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության անդամներին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆրանսիայից ժամանած հայ մասնագետներին շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին և համալսարանական հիվանդանոցներին ցուցաբերած աջակցության համար։

 Ռեկտորը ներկայացրեց համալսարանական երեք հիվանդանոցի, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեությունը՝ անդրադառնալով վերջին տարիներին այս կառույցներում կատարված աշխատանքներին և զարգացման ծրագրերին:

Բուհի ղեկավարը տեղեկացրեց, որ ստեղծումից ի վեր՝ կենտրոնում արդեն շուրջ 3000 զինծառայող ստացել է վերականգնողական բուժում։   

Խմբի անդամ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աննա Կարմենյանը ներկայացրեցնելով 300-400 տարբեր նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ միավորող կազմակերպությունը՝ շեշտեց, որ նպատակ ունեն խթանել առողջապահության ոլորտի զարգացումը, ինչպես նաև նպաստել Հայաստանում կլինիկական հետազոտությունների կենտրոնի կառուցմանը:

Հյուրերը նշեցին, որ պետական բժշկական բուհի հետ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ համալսարանը, կրթական կառույցները զարգացման ճիշտ հիմքեր են ստեղծում։

Արմեն Մուրադյանը ևս ընդգծեց, որ բժշկական համալսարանում մեծ տեղ է հատկացվում կլինիկական հետազոտությունների անցկացմանը: Ռեկտորը ներկայացրեց նաև ԵՊԲՀ-ում մեկնարկած «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) ստեղծման աշխատանքները։

Գիտելիքները հարստացնելու, կատարելագործելու նպատակով երկկողմ կարևորվեց ինչպես բժիշկների, այնպես էլ ապագա մասնագետների ներգրավվածությամբ փոխանակային ծրագրերի, փոխայցելությունների կազմակերպումը:

ԵՊԲՀ-ում հրավիրված քննարկումից հետո Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Նշենք, որ «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է առողջապահության ոլորտի մասնագետների՝ ֆրանսիական հեղինակավոր հաստատություններից:  Արդեն 20 տարուց ավել տարբեր  նախաձեռնությունների շրջանակում կառույցը աջակցում է Հայաստանին: