SIOP Asia 2023 համաժողովի խոսնակները. մաս երկրորդ

SIOP Asia 2023 համաժողովի խոսնակները. մաս երկրորդ

Շարունակում ենք ներկայացնել բժշկական համալսարանում այս տարվա մայիսին կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի խոսնակներին․

 

Հերիբերտ Յուրգենս

 

Մյունսթեր համալսարանական կլինիկա,

Պատվավոր պրոֆեսոր

Թեմա՝ Յուինգի սարկոմայի բուժումը վերջին 50 տարվա ընթացքում։

Պրոֆեսոր Հերիբերտ Յուրգենսը մանկական և դեռահասության տարիքի սարկոմաների միջազգային փորձագետ է։ Հանդիսանում է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության գերմանական ասոցիացիայի (ՄԱՈՒԳ) գլխավոր քարտուղարը։ 1980-2015 թվականներին նա ղեկավարել է Յուինգի սարկոմայի կոոպերատիվ հետազոտական խումբը։ Բացի այդ, եղել է Մյունսթեր համալսարանական կլինիկայի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն և Գերմանիայի մանկական ուռուցքաբանների և արյունաբանների միության նախագահ: 2015 թվականին Մանկական ուռուցքաբանության միջազգային  ասոցիացիայի կողմից արժանացել է կյանքի ընթացքում ակնառու ձեռքբերումների մրցանակի։ 

 

Լոուրենս Ֆոլկներ

Մանկական արյունաբան և ուռուցքաբան

Թեմա՝ Փոխպատվաստման/բջջային թերապիայի ծառայության մեկնարկը և զարգացումը միջին եկամուտ ունեցող երկրներում:

Բժիշկ Լուրենս Ֆոլկները մանկական արյունաբան-ուռուցքաբան է, որը մասնագիտացած է մանկական ցողունային բջիջների փոխպատվաստման (ՑԲՓ) ոլորտում։ Նա նաև հանդիսանում է Եվրոպական տրանսպլանտոլոգների ասոցիացիայի JACIE (Joint Accreditation Commitee ISCT-EBMT) ինսպեկտոր (տեսուչ): Գրեթե 20 տարի աշխատելով զարգացած երկրներում՝ որպես մանկական արյունաբան-ուռուցքաբան՝ նա որոշեց իրեն ամբողջությամբ նվիրաբերել միջազգային բժշկությանը: Վերջին 8 տարվա ընթացքում համագործակցել է զարգացող երկրների մասնագետների և բժշկական հաստատությունների հետ, որոնց նպատակն է եղել բարելավել քաղցկեղով և արյան հիվանդություններով երեխաների բուժումը: Այդ ժամանակից ի վեր դա դարձել է նրա մասնագիտական առաջնային նպատակը:

Բժիշկն իր ներդրումն է ունեցել Պակիստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Մարոկկոյում ՑԲՓ բաժանմունքների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Վրաստանում չարորակ ուռուցքներով երեխաների բուժման գործում:

Նշենք նաև, որ նրա շնորհիվ 2021 թվականին Հայաստանում՝ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, ներդրվեց ցողունային բջիջների ալլոգեն փոխպատվաստվաստման ծրագիրը։

 

Լեսլի Լեման

Դանա-Ֆարբեր քաղցկեղի կենտրոն

Դոկտոր Լեմանը Հարվարդի բժշկական դպրոցի մանկաբուժության դոցենտ է և Բոստոնի մանկական հիվանդանոցի մանկական ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի բժշկական տնօրեն: Նա մանկական Ոչ Հոջկինյան լիմֆոմայի փորձագետ է և Children's Oncology Group-ի լիմֆոմայի կոմիտեի հիմնական անդամ։ Նրա գիտական և հետազոտական հետաքրքրության շրջանակում են Ոչ Հոջկինյան լիմֆոմաները և օստեոպորոզի զարգացումը ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո։

 

Միկելա Կասանովա

Միլանի ազգային ուռուցքաբանական կենտրոն

Մանկական ուռուցքաբան

Բժշկուհի Միկելա Կազանովան մանկական ուռուցքաբան է, որը մասնագիտացած է մանկական սարկոմաների և հազվադեպ հանդիպող ուռուցքների, նոր դեղամիջոցների ոլորտում: Նա Քաղցկեղով հիվանդ երեխաների նորարարական թերապիայի գործադիր կոմիտեի (ITCC), Լյարդի մանկական ուռուցքների ռազմավարական խմբի (SIOPEL) անդամ է:

Բժիշկ Կասանովան Մանկական փափուկ հյուսվածքների սարկոմայի եվրոպական հետազոտական խմբի հիմնադիր անդամ և խորհրդի անդամ է: